«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծի 1-ին հոդվածով քննարկվող գործող օրենքի 6-րդ հոդվածը թողնել անփոփոխ հետևյալ հիմնավորմամբ.  

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմանը համանման կարգավորում «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) արդեն իսկ առկա է: Մասնավորապես, համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության, արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Այսինքն, օրենքի գործող դրույթը ներկա պահին էլ տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հնարավորություն է տալիս ստեղծել անկախ արհմիություն, որը որևէ կերպ կախված չէ այս կամ այն գործատուից (այն կարևորվում է նաև նախագծի հիմնավորման մեջ): Այս պարագայում, օրենքի գործող դրույթը, որպես տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին միևնույն արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) դառնալու անհրաժեշտ պայման, սահմանում է միայն տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) աշխատելը:

Մինչդեռ, նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ ոչ միայն համապատասխան ճյուղի (հարակից ճյուղերի) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել և ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլև՝ տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Այս առումով հարկ է նկատել, որ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական և աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետևաբար տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների՝ մեկ արհեստակցական կազմակերպությունում միավորումը կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման՝ չնպաստելով աշխատողների իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանությանը (օրինակ, առողջապահության, սպասարկման, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում, այն պարագայում, երբ յուրաքանչյուր ոլորտում աշխատողների համար սահմանված են աշխատաժամանակի, հանգստի ռեժիմների, առողջության պահպանման և անվտանգության ապահովման կանոնների, արձակուրդների տևողության և այլնի մասով միմյանցից տարբերվող կարգավորումներ):

Միաժամանակ հարկ ենք համարում նշել նաև, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կարող է հանգեցնել նաև ճյուղային արհեստակցական միությունների դերի ու նշանակության թուլացման՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծի ընդունման պարագայում, անկախ այն հանգամանքից, թե որ ճյուղում գործունեություն իրականացնող գործատուի աշխատողներ են, վերջիններս կարող են միավորվել և ստեղծել արհեստակցական միություն:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական գործընկեր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (այսուհետ՝ ՀԱՄԿ) կարծիքին: Վերջինս գրությամբ տեղեկացրել է, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումն իրենց կողմից ընդունելի չէ: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորման ոչ ընդունելի լինելու վերաբերյալ առանձին գրություններով իրենց կարծիքն են ներկայացրել ՀԱՄԿ-ի կազմում գտնվող երկու ճյուղային միությունները ևս (Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը): Նշված կարծիքները կցվում են:

Ամփոփելով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի գործող դրույթը արհեստակցական կազմակերպության գործունեության նպատակը և աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու տեսանկյունից սահմանում է առավել արդյունավետ և համակարգային կարգավորում:           

Միաժամանակ հայտնում ենք, որ՝         

1) նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել  «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով, քանի որ նախագծով  նախատեսվում է կատարել  լրացում և փոփոխություն,

 2) նախագծի 1-ին հոդվածում  «պարբերությունից» և «պարբերությունով» բառերն անհրաժեշտ է համապատասխանաբար փոխարինել «մասից» և «3-րդ մասով» բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: