«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱԿԱՆ  ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՓԱԹԵԹԻ   (Պ-014-18.02.2019-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերով նախատեսված՝ դատական տուգանք սանկցիայի կիրառման հարցում բացառություն սահմանել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի համար: Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը:

Գործին մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ դատարանի կողմից որպես դատական սանկցիա տուգանքի վերացմանն ընդհանուր առմամբ կողմ լինելով հանդերձ՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերն անհրաժեշտ է լրամշակել՝ մասնավորապես, վերականգնելով դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ կիրառվող առանձնահատուկ սանկցիան, այն է՝ պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ դիմելը:

Հիմք ընդունելով շարադրվածը՝ ներկայացնում ենք օրենքների նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի տարբերակը:

 

 «ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 09-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 153-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ դիմելը:.

2) լրացնել 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

8.Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան կիրառելը պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

 Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 314.1-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ դիմելը:.

2) լրացնել 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և որպես ներկայացուցիչ կամ պաշտպան հանդես եկող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

8. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան կիրառելը պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

 Հոդված 2.     Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 05-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 101-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ դիմելը:,

2) լրացնել 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և  4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

8.Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան կիրառելը պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

 Հոդված 2.     Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: