«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-058-14.03.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ­

 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քա­ղաքականությունը։ Համաձայն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 16-րդ պարբերությունների՝ օրենքի կարգավորման առարկան կենդանիների վայրի տեսակների ու դրանց համա­կե­ցությունների ամբողջականությունն է։

Օրենքի 15-րդ և 19-րդ հոդվածների կարգավորումները վերաբերում են կենդա­նա­կան աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը «բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման» դեպ­քերի մասին է։ Ինչ վերաբերում է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ բացառիկ դեպ­քերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդու­թյուն­ներ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավա­սա­րա­կշռության խախտման վտանգ) վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կար­գավորող միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ­մամբ անցկացմանը, ապա որպես օրինակ կարող է ծառայել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստա­տելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարու­թյանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշումը, որի հավելվածով նախատեսված են նաև հրա­զենով ոչնչացման դեպքեր։ Բացի այդ, օրենքի 25-րդ հոդվածով նախա­տես­ված է կեն­դա­նական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սի­րո­ղական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդա­նիների որս), իսկ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի հա­մա­ձայն՝ որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսոր­դական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք:

Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող լրացման կա­պակ­­ցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նույն հոդվածի «դ» ենթակետով արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը, ինչն էլ իր հերթին են­թադրում է արգելք այդ գործողությունների հնարավոր բոլոր ձևերի կիրառման նկատ­մամբ։

Բացի այդ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զան­գվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (մասնավորապես՝ 92-րդ հոդված) և ՀՀ քրեական օրենսգրքի (մասնավորապես՝ 295-րդ հոդված) մի շարք հոդվածներով։

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող հարաբերու­թյուն­ները գործող օրենքի կարգավորման առարկա չեն, և առաջարկում ենք գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: