ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

00010 ք. Երևան, Կառավարական տուն 1

 02/05.6/29565-2019

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան


        Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-098-10.04.2019-ԳԿ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

  1. Նախագծի 1-ին հոդված.

1) «ժգ» կետում «ով» բառը փոխարինել «որը» բառով,

   2) հոդվածը լրացնել «ժէ» և «ժը» կետերով.

 

ժէ) Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ պատվիրակություն՝ Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ թիմ, ինչպես նաև պարալիմպիկ խաղերին և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին Հայաստանի պարալիմպիկ թիմի անդամների մասնակցությունն ապահովող Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմինների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ.

ժը) Հայաստանի պարալիմպիկ թիմ՝ պարալիմպիկ խաղերում և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող միջազգային այլ մարզական միջոցառումներում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցություն ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մարզիկներից/մարզուհիներից, մարզիչներից և այլ մասնագետներից կազմավորված կոլեկտիվ,

  1. Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

  1. «դ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի ակտեր, մասնավորապես՝ մասսայական սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր, այդ թվում՝

դ1) ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառների, այդ թվում՝ սպորտային մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ սպորտային մասսայական (մարզական զանգվածային) միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև ֆինանսատնտեսական հիմքերի (մասնավորապես՝ մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերի) վերաբերյալ.

դ2) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ. 

դ3) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության վերաբերյալ.

դ4) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմերում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգի վերաբերյալ.

դ5) բնագավառում մրցանակներ հիմնելու վերաբերյալ.

դ6) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերի ու շնորհման կարգի վերաբերյալ.

դ7) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի վերաբերյալ.

դ8) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի (ռազմավարության) վերաբերյալ, այդ թվում` մարզաձևերի զարգացման հայեցակարգերի (ռազմավարությունների) հաստատման կամ  հավանություն տալու վերաբերյալ.

դ9) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի, հավելավճարների  և  լրավճարների  հաշվարկման  և  վճարման  կարգի  վերաբերյալ.

դ10) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչների  վերաբերյալ.

դ11) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու վերաբերյալ.

դ12) Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման (այդ թվում` առանձին մարզաձևերի զարգացման) ծրագրերի և ծրագրերի իրականացման միջոցառումների վերաբերյալ.

դ13) մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման վերաբերյալ:

  1. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«զ) սույն հոդվածի «դ» կետով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վերապահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին:»,

  1. Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. «ա» կետը «ռազմավարությունը» բառից հետո լրացնել հետևյալ բառերով.

«, ընդունում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտեր, մասնավորապես՝ մասսայական սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր.»,

  1. «դ» կետի «նորմատիվ ակտերը» բառերը փոխարինել «իրավական ակտերը» բառերով, որից հետո կետը լրացնել հետևյալ բառերով և «դ1», «դ2»,«դ3», «դ4», «դ5», «դ6» և «դ7» ենթակետերով.

«, մասնավորապես՝ մասսայական սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտերը, այդ թվում՝

դ1) ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառների, այդ թվում՝ սպորտային մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ սպորտային մասսայական (մարզական զանգվածային) միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև ֆինանսատնտեսական հիմքերին (մասնավորապես՝ մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերի) վերաբերյալ.

դ2) մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզագույքի բաշխման կարգի և պահանջարկի հայտի հաստատման վերաբերյալ.

դ3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգի սահմանման  վերաբերյալ.

դ5) ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգի վերաբերյալ.

դ4) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի վերաբերյալ.

դ6) մարզիչ-մանկավարժների որակավորման կարգի և չափորոշիչների վերաբերյալ.

դ7) Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական արդիականացման վերաբերյալ:».

  1. «ը» կետի «հանրային» բառը փոխարինել «զանգվածային» բառով.
  2. «ժ2» կետը «անձանց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց» բառերով.
  3. «ժ3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մարզիկներին շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց, պարգևատրում է մեդալներով, մրցանակներով, հուշանվերներով և արժեքավոր այլ նվերներով, տալիս է հավաստագրեր.».

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

ժ7) հաստատում է օտարերկրյա պետություններում կազմակերպվող մրցաշարերին և այլ մարզական միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների ոչ մարզիկ ներկայացուցիչների կազմը.

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

ժ8) հաստատում է հակադոպինգային կանոնները:»,

  1. Նախագծի 6-րդ հոդվածը հանել,
  2. Նախագծի 18.5-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկները համարվում են օլիմպիական հավաքական թիմի անդամներ»,

  1. Նախագծի 18.6-րդ, 18.7-րդ, 18.8-րդ և 18.9-րդ հոդվածները շարադրել նոր՝ «18.6» և «18.7» հոդվածներով՝ հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 18.6. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները և սպասարկող անձնակազմը մարզաձևերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել  երկկողմ պայմանագրեր։

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկներն իրավունք ունեն՝

ա) ուսումնամարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու շրջանում ստանալու օրապահիկ, գիշերավարձ, հանդերձանք և մարզական համազգեստ.

բ) օգտվելու ազգային մարզական կենտրոններ (անկախ դրանց սեփականության ձևից) համարվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից.

գ) օգտվելու պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների և ուսումնական հաստատությունների փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական բժշկակենսաբանական ու տեխնիկական նվաճումներից.

դ) օգտվելու բժշկական հակադոպինգային սպասարկումից, ինչպես նաև հիվանդությունների և վնասվածքների դեպքում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում ստանալու համապատասխան բուժում.

ե) օգտվելու պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ֆեդերացիաների և օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից (մարզագույք, մարզահագուստ և այլն).

զ) արժանանալու մարզական կոչումների՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», ինչպես նաև ներկայացվել պարգևատրման՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգևներով՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական բարձրագույն նվաճումների հասնելու, համապատասխան մարզաձևի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար.

է) մարզումներին, մարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակ ապահովագրված լինելու դժբախտ պատահարների պատճառած վնասներից.

ը) մասնակցելու անհատական պլանով նախապատրաստման նախագծերի ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը:

Սույն հոդվածում նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են՝

ա) հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում և իրենց նվաճումներով ամրապնդել հայրենիքի մարզական փառքը.

բ) դրսևորել քաղաքացիական դիրքորոշում, բարոյակամային բարձր հատկանիշներ, տիրապետել ֆիզկուլտուրային և սպորտին, օլիմպիական և միջազգային մարզական շարժմանը վերաբերող գիտելիքներին.

գ) անձնական օրինակով նպաստել հավաքական թիմում համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության գաղափարների սերմանմանը, հարգալից վերաբերմունքի ձևավորմանը հավաքական թիմի ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.

դ) բարեխղճորեն և ստեղծագործաբար կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական կազմի պահանջներն ու խորհուրդները.

ե) չխախտել մարզական ռեժիմը, չօգտագործել Միջազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված դեղամիջոցներն ու մեթոդները (թմրադեղեր, խթանիչներ և այլն).

զ) պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը.

է) խնամքով վերաբերվել մարզահագուստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին և մարզական այլ պարագաներին.

ը) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և հովանավոր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի պահանջները։

Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ-անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ։

Հոդված 18.7 Հավաքական թիմի մարզիչների և մասնագետների իրավունքներն  ու պարտականությունները

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պետք է ունենան համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ։ Նրանք նշանակվում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից։

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն՝

ա) ստանալու աշխատավարձ, դրամական պարգև, պատվովճար, պարգևատրում, թոշակ, խրախուսման այլ ձևեր օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկների կողմից ցուցաբերված մարզական բարձր արդյունքների համար.

բ) ներկայացվելու պետական պարգևների՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի օլիմպիադաներում մարզիկների և նրանց մարզիչների կողմից ցուցաբերված բարձր նվաճումների համար, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման:

Հավաքական թիմի մարզիչների ու մասնագետների՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից:

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են՝

ա) ապահովել ուսումնամարզական գործընթացի ժամանակակից մեթոդական և կազմակերպչական մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը՝ միջազգային միջոցառումներին նախապատրաստման և մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա.

բ) հավաքական թիմում ստեղծել ընկերական ու գործնական մրցակցության մթնոլորտ, ապահովել հարգալից վերաբերմունքի դրսևորում հավաքական թիմի սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.

գ) հասնել հայկական սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում.

դ) արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ միջոցառումներում։»,

  1. Նախագծի 18.10-րդ հոդվածի համարակալումը դարձնել «18.8»,
  2. Նախագծի 18.11-րդ հոդվածի համարակալումը դարձնել «18.9» և վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «Հավաքական թիմերի մյուս մասնագետները (մեխանիկները, ձիապանները և այլն) իրենց աշխատանքը կատարում են համապատասխան ազգային ֆեդերացիաների կողմից հաստատված պաշտոնական հրահանգների համաձայն։»,

  1. Նախագծի 18.12 հոդվածի համարակալումը դարձնել «18.10»:

 

                                                                   ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ