«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-104-12.04.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում նշել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի հիմնավորումը հանգում է երկու օրենքների միջև հակասությունը վերացնելուն: Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի կարգավորման առարկան զինվորական ծառայության ժամկետի հաշվարկն է, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի կարգավորման առարկան զինվորական ծառայության ստաժի հաշվարկն է:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Օրենսգրքի՝ համապատասխանաբար 1-ին մասի 1-3-րդ կետերի և 2-րդ մասի համաձայն՝    

1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`          

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ:  

2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:    

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կարգավորիչ իմաստը կայանում է նրանում, որ օրենքի ուժով զինվորական ծառայության ժամկետում չհաշվարկվող՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածները ենթակա են հաշվարկման զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում միայն այն դեպքում, եթե զինծառայողը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ: Նշված կարգավորման համար հիմք են ծառայել օրենսգիրքի 66-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 8-րդ մասերի և, հատկապես, 8-րդ մասի 2-րդ կետի դրույթները, որոնց համաձայն արդարացվածն իրավունք ունի նաև ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելը: 

Տվյալ պարագայում, առաջարկվող լրացումը ենթադրում է զինվորական ծառայության ստաժի հաշվարկում նաև օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի մյուս կետերով նախատեսված հիմքերով քրեական գործը կարճելու դեպքերում, ինչը խաթարում է օրենքի կարգավորիչ իմաստը, ինչպես նաև ոչ իրավաչափ հավասարություն է դնում արդարացվածի և այդպիսի կարգավիճակ չունեցողի միջև:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի 7-րդ հոդվածը թողնել անփոփոխ:   Վերը նշված հիմնավորումները վերաբերում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությանը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը փաստացի կրկնում է  օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ու 2-րդ մասի դրույթները, սակայն անհասկանալի պատճառով չի ներառում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև ներկայացված երկու օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         

«3) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման կամ աքսորի ժամանակահատվածները, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:»:      

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված օրենքների նախագծերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ (N 2 հավելվածի 30-րդ կետ և  N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետ):