«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ
 ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-102-12.04.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ ունի որոշակի դիտարկումներ և գտնում է, որ վերջինիս ընդունումն առաջ կբերի մի շարք խնդիրներ։ Այսպես՝

1. 1-ին հոդվածով առաջարկվող՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու առավելագույն տարիքի փոփոխությունը հիմնավոր չէ, քանի որ հիմնավորման մեջ նշված չէ խնդրի ծագման պահանջը, բացի այդ պրակտիկայում չեն արձանագրվել դեպքեր, երբ ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու դիմում է ներկայացվել 23 տարին լրացած անձանց կողմից:

2. 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 2.1-ին կետի վերաբերյալ հարկ է նշել, որ երկքաղաքացիություն ընդունած անձանց մասով ներկայացված առաջարկը խտրական վերաբերմունք է առաջացնում սկզբնապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ չընդունած անձանց միջև, քանի որ եթե այլ պետության քաղաքացիություն չընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար օրենքով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտավորության ժամկետը սահմանված է 24 ամիս, իսկ այլընտրանքային ծառայությանը՝ ըստ տեսակների, համապատասխանաբար 30 և 36 ամիս, ապա այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար օրենքով սահմանված պարտականությունն իրացված լինելու ժամկետները փաստացի նախատեսվում են ավելի կրճատ՝ համապատասխանաբար 12 ամիս և 18 ամիս: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կառաջանան ռիսկեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու:

3. Հիմնավորված չէ երկու կամ ավելի երեխա ունեցող անձանց տարկետման իրավունքի փոխարինումը պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունքով, ինչպես նաև նախատեսումը, որ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունք ստացած զորակոչիկն ընտանիքի անդամի մահվան դեպքում ենթակա է լինելու զորակոչի ընտանիքի անդամի մահվան օրվանից մեկ տարին լրանալուց հետո հաջորդող զորակոչին: Վերջին դրույթի հետ կապված առկա է թերկարգավորում այն դեպքում, երբ մահվան պատճառով տարկետման հիմքի վերացումը ծագում է զորակոչիկի 26 տարին լրանալուց հետո, որի պարագայում չլուծված է մնում նրա հետագա կարգավիճակի հարցը, քանի որ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետում հստակ սահմանված է, որ երկու երեխա ունեցող զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկանը, որը լրանալու հիմքով զորակոչիկն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն տարկետման հիմքերը վերանալու դեպքում զորակոչիկը ենթակա է զորակոչման հիմքի վերացման օրվան հաջորդող զորակոչի ժամանակ:

4. 3-րդ հոդվածով լրացում է կատարվում օրենքի 22-րդ հոդվածում՝ սահմանելով նպատակային ուսումնառության համար տարկետում տրամադրելու նոր հիմքեր:

Ի ապահովումն հիշյալ լրացման՝ նախագծով ներկայացվում է նաև հավելված՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրի մասին, որում սահմանվում են հասկացություններ և տրվում են որոշակի կարգավորումներ:

Հարկ է նշել, որ ներկայացված կարգավորումները լիարժեք չեն, մասնավորապես, դրանցում բացակայում են մրցութային ծրագրով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումնառության հետ կապված հիմնական ընթացակարգային դրույթներ և այլ կարգավորումներ: Մինչդեռ, հիշյալ հավելվածի կարգավորման առարկայի սահմանումը պետք է հնարավորություն ընձեռի պատկերացում կազմել դրանով կարգավորվող հարաբերությունների և հարցերի առանցքային ոլորտների մասին: Նախագծով ներկայացված հավելվածը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու կարգավորվող հարաբերությունների առանցքային ոլորտների մասին, քանի որ հավելվածով նախատեսված են միայն հասկացությունների սահմանումներ և ոչ հստակ կարգավորումներ, օրինակ՝ սպայական կոչում ստանալու, աշխատանքի անցման, պայմանագրի կնքման և դրա խզման, քաղաքացիների վերաբերյալ որոշակի սահմանափակումների կիրառման և այլնի վերաբերյալ, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման մեջ: