«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-113-18.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:

Ներկայումս շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցություններն իրականացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Հատկանշական է, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցող անձանց տրամադրվում են դիմակ և այլ տեսակի միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու և այդպիսով տեսակցող անձի առողջությունը պահպանելու նպատակով: Բացի այդ՝ տեսակցության սենյակում պարբերաբար կատարվում են օդափոխման, ինչպես նաև մանրէազերծման աշխատանքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականին հեղինակած «Բանտերը և առողջությունը» խորագրով ձեռնարկում անդրադարձ է կատարվել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց տեսակցության հետ կապված հարցին՝ շեշտադրելով, որ նշված հիվանդություններով անձանց հետ տեսակցողների վարակումը բացառելու նպատակով՝ անհրաժեշտ է նման տեսակցությունները կազմակերպել բացօթյա տարածքում՝ համապատասխան միջոցների առկայության պայմաններում:

Հարկ է նշել, որ շարունակական քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող տեսակցությունների սենյակների պայմանների բարելավման ուղղությամբ: