«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-119-26.04.2019-ՏՀ-011/0)  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարությունը գտնում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաu­տանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրա­­պե­տու­թյան օրենքի նախագծի ընդունումը լրացուցիչ քննարկման և հիմնա­վորման կարիք ունի՝ հաշվի առնելով ստորև բերված հանգամանքները:

Ներկայացված նախագծով նախատեսվում է սահմանել նոր հասկացություն, այն է՝ «առևտրային ցանց՝ ընդհանուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերա­զան­ցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը.»:

Հարկ ենք համարում նշել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ սահմանում է «առևտրային ցանց» հասկացության իրավական բովանդակությունը, մասնավորապես՝ առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համա­խումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո: Միա­ժա­մանակ, նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունը ընդհանուր կառավարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսավարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտա­գործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբը (առևտրային ցանց) գերիշխող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է: Վերոնշյալ փոփոխության անհրաժեշտությունը լրա­ցու­ցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ նախագծին կից ներկայացված հիմնա­վորումից պարզ չէ, թե իրացման տա­րեկան շրջանառությունը որոշելու հա­մար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրաց­ման շրջանառությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

            Նախագծի՝

  1. 1-ին հոդվածով սահմանվում է «առևտրային ցանց» հասկացությունը, այն է՝ ընդհանուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատա-կանացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, մինչդեռ, նախագծի 2-րդ հոդվածով առևտրային ցանցը սահմանվում է որպես առևտրի օբյեկտների տեսակ: Այդ առումով ստացվում է, որ առևտրային ցանցը հանդիսանում է առևտրային օբյեկտների տեսակ, միևնույն ժամանակ նույն առևտրային օբյեկտների համախումբ, ինչն անհասկանալի է:
  2. 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր դրույթ­ներով, մասնավորապես՝ «Առևտրային ցանցերում մանրածախ առևտուր չեն կարող իրականացնել ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական ան­ձինք և անհատ ձեռնարկատերերը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին մանրածախ առևտրի շրջանառության մեջ անշեղորեն աճել է խոշոր խա­նութ­ների տեսակարար կշիռը՝ կազմելով խանութների միջոցով իրականացվող ման­րա­ծախ առևտրաշրջանառության կեսից ավելին: Դրան զուգահեռ՝ անընդհատ կրճատվում է փոքր առևտրի օբյեկտների թիվը՝ նպաստելով առևտրի շրջանառության կենտրո­նաց­մանը խոշոր խանութների ձեռքում: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող հազարավոր փոքր և միջին ձեռ­նար­կությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձևավոր­ման, աշխա­տատեղերի պահպանման և առողջ մրցակցային հարաբերությունների ձևա­վոր­ման անհրաժեշտությամբ»:

Հաշվի առնելով ներկայացված հիմնավորումը՝ այնուամենայնիվ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումները բավարար հիմնավորված չեն, ինչը հնա­րա­վորություն չի տալիս լիարժեք կերպով գնահատել նախագծով ներկայացվող առա­ջար­կությունները:

Վերոգրյալի կապակցությամբ նաև հայտնում ենք, որ հասկանալի չէ, թե առևտրա­յին ցան­­ցերում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական ան­ձանց և անհատ ձեռ­նար­կա­տե­րերի կողմից մանրածախ առևտրով զբաղվելու հնա­րա­վորության սահ­մա­­նա­փա­կումն ինչ­­պես կարող է նպաստել փոքր և միջին ձեռնար­կու­թյուն­ների համար բարե­նպաստ ձեռնար­կա­տի­րա­կան միջավայրի ձևավորմանը, աշխա­տատեղերի պահ­պան­մանը և առողջ մրցակցային հարա­բե­րությունների ձևավորմանը։

Մաս­նավորապես, եթե ենթադրվում է, որ որևէ ապրանք ներ­մու­ծող տնտե­­­­­սա­վարող սուբ­­յեկտ պետք է դադարեցնի ապրանքներ ներ­մու­ծել կամ մանրածախ առևտրով զբաղվել, ապա կար­ծում ենք, որ դիտարկումն առնվազն իրա­­տե­սա­կան չէ, քանի որ առա­ջար­­կության ընդուն­ման դեպքում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող տնտեսավարող սուբ­յեկտ­ների վար­քա­գիծը կլինի այն­պի­­սին, որ նրանք կստեղ­­­ծեն նոր ընկե­րու­­թյուններ և ապրանք­­ների ման­րա­­ծախ առևտուրը կիրա­կա­նաց­նեն այդ ընկե­­­­րու­թյունների միջո­­­­ցով: Արդ­յուն­­քում, արհեստա­­կա­­նորեն կաճի տնտե­սա­վարող սուբ­յեկտ­­ների քանակը, որոնց նկատ­­­մամբ հար­կային վար­չա­րարության իրա­­կա­նա­ցումը հար­կա­յին մար­մնից լրա­ցու­ցիչ ռեսուրս­­­ներ կպա­հանջի: Այս առու­մով, առաջարկության ընդունումը ոչ միայն չի նպաստի հարկային վարչարարության արդյ­ու­­նավետության բարձրացմանը ինչպես նշված է նախա­գծի հիմնա­վոր­ման մեջ, վերջինս նաև կբար­դացնի այն:

Ավելին, արհես­տա­կան տրոհ­ման արդյուն­քում կտրոհ­­վեն նաև խոշոր տնտեսա­վա­րող սուբ­յեկտ­­ների իրացման շրջա­­նա­ռու­թյուն­ները, և նշյալ սուբ­յեկտ­ները կսկսեն գործել փոքր և միջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան համար նախա­տես­ված՝ հարկման այլ­ընտրան­­­­­քային համա­կար­գերում:

Հետևաբար, առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի մրցակցային հարա­բե­­րու­­­­­թյուն­­ների ձևավորմանը, այլ ընդհակառակը, կհանգեցնի արդար մրցակ­­ցու­թյան խաթար­­­­ման և հար­կա­յին վարչարարության արդյունավե­տու­թյան նվազման: Ավելին, առա­­­­ջար­­­­­­կու­թյունը կհան­գեցնի նաև պետական բյուջեի եկամուտների չհիմ­նա­վորված կորուս­­­տ­­­­ների:

Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ ներկայացված առաջարկության և ներմուծ­մամբ ու մանրածախ առևտրի կազմակերպմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտ­ների գոր­ծու­նեու­թյան պայմանների հավասարության հարցերի քննարկման համա­տեքստում անպայ­մա­նորեն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ման­րածախ առևտրի կազ­մա­կեր­պումն ինքնին ենթադրում է որոշակի ձեռնարկատիրական ջանքերի գործադրում և ծախ­սերի կատարում՝ անկախ այն հանգամանքից, թե ով է կազմակերպում ապրանքների մանրածախ առևտուրը՝ ներմուծում իրականացնող տնտե­­սավարող սուբյեկտը, թե միայն մանրածախ առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտը: Այս առումով, գտնում ենք, որ հավասար մրցակցային պայմանների հնա­րա­վոր խաթարման ռիսկերը պետք է գնահատել վերոնշյալ դիտարկման համատեքստում, և եթե այս պարագայում ապրանքների մանրածախ վաճառքի շուկան գնահատվի որպես ոչ մրցակ­ցային՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծմամբ զբաղվող տնտե­սավարող սուբյեկտները շուկայում ունեն գերիշխող դիրք և չարաշահում են այն, ապա այս դեպքում խնդիրների լուծումները պետք է փնտրել Տնտեսական մրցակցության պաշտ­պա­նության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառության տիրույթում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ առևտրային ցան­ցերում ներմուծող և մեծա­ծախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռ­նար­կա­տե­րերի կող­մից մանրածախ առևտրով զբաղվելու հնարավորությունը սահմանափակելու առա­ջար­կու­թյունը բոլոր տնտեսավարողների համար առողջ մրցակցային պայ­­­­­­մաններ չի ապահովի, հետևա­­­բար վերոնշյալ առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

Հարկ է նշել նաև, որ խոշոր ապրանքներ ներմուծողները՝ մեծածախ վաճառող­ները, ունեն նաև իրենց առևտրային ցանցերը, որոնց միջոցով իրականացնում են նաև մանրածախ վաճառք: Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում ստացվում է, որ անձը կարող է ներմուծել ապրանք, որը չի կարողանա վաճառել իրեն պատկանող առևտրային ցանցերում: Նման մոտեցումը լուրջ քննարկման ու հիմնավորման կարիք ունի, քանի որ այն միտված է նոր կարգավորումներ սահմանելու խոշոր ապրանքներ ներմուծողների՝ մեծածախ վաճառողների համար: Բացի այդ, մեծածախ վաճառողների գործունեությունը մանրածախ շուկայում սահմանափակելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց ներկայացված նախագծով արգելվում է զբաղվել մանրածախ առևտրով, իրենց պատ­կանող առևտրային ցանցերում կարող են չընդունել այն ապրանքատեսակները, որոնք ներմուծվել կամ արտադրվել են այլ անձանց կողմից։

Պարզ չէ նաև՝ նախատեսված սահմանափակումը որ ապրանքատեսակների մանրածախ առևտուր իրականացնելուն է վերաբերում՝ նախատեսված սահմանափա­կումը ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին է վերաբերում, թե նրանց, ովքեր ունեն առևտրային ցանցեր, ինչպես նաև սահմանված պահանջը չպահպանելու իրավական հետևանքը: Այդ առումով տեղին է նշել, որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված է որոշա­կիության սկզբունքը, ըստ որի՝ հիմնական իրա­վունք­ները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահ­մանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազա­տու­թյունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Իսկ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրա­վունք­ները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրա­վունք­ների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Բացի նշվածից հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի օգոստոսի 27-ից շրջանառության մեջ են դրվել մանրածախ շուկա­յում մեծածախ վաճառող­ների գոր­ծունեության սահմա­նափակմանն ուղղված «Առևտրի և ծառայու­թյուն­ների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավա­խախ­տումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ շահագրգիռ մարմինների և մասնավոր հատվածի կողմից ներկայացվել են բազմաթիվ մտահոգություններ։ Նախագծերի հիմքում ընկած՝ մանրածախ շուկա­յում մեծածախ վաճառող­ների գոր­ծունեության սահմա­նափակման գաղափարը աշխատանքային կար­գով քննարկվել է նաև Համաշխարհային բանկի համապատասխան փորձագետների հետ, որոնք բացասական դիրքորոշում են ներկայացրել վերջինիս վերաբերյալ՝ պետու­թյան կողմից նմանատիպ միջամտությունը համարելով ոչ նպատակահարմար։ Նշված դիրքորոշումը հիմնավորվել է այն փաստարկով, որ պետության միջամտությունը ինքնին կարող է խաթարել մրցակցությունը տվյալ ոլորտում՝ արհեստականորեն խոչընդոտելով տնտեսավարողների ընդլայնմանը, սակայն խախտում է հանդիսանում ոչ թե գերիշխող դիրքի ձեռքբերումը տվյալ շուկայում, ինչը բնական երևույթ է և խելամիտ տնտեսա­վարման արդյունք, այլ միայն վերջինիս չարաշահումը, որի դեմ պետությունը պետք է միջոց­ներ ձեռնարկի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերը հանվել են շրջա­նա­ռու­թյունից։

            Այդուհանդերձ, հաշվի առնելով օրենսդրական տեխնիկայի պահանջները, անհրաժեշտ է նախագծի՝

            1) 1.1-ին հոդվածում՝

            ա. «Առևտրի և ծառայությունների մասին» բառերից հետո նախատեսված «Հայաստանի Հանրապետության» բառերը  հանել,

            բ. «ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխա­րինել «լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ» բառերով. 

            2) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներն անհրաժեշտ է միավորել ու նախատեսել մեկ հոդվածի տեսքով: