«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության քրեակա­տա­րողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներ­կայացված հանգամանքները:

Նախագծով առաջարկվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահ­մանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախու­սանքի միջոց, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսու­հետ՝ օրենսգիրք) 81-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրել կարճաժամկետ մեկնում՝ սոցիալական վերականգնման նպատակով:

Հարկավոր է ընդգծել, որ առաջարկվող կարգավորումը չի բխում կարճաժամկետ մեկնման ինստիտուտի գաղափարական էությունից:

Այսպես, օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալին, բացառու­թյամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցա­գործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվան­դություն, տարերային աղետ, որն զգալի նյու­թական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Կարճաժամկետ մեկնում տրա­մադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստի­ճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը: Այստեղից բխում է, որ կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար օրենսդիրը նախատեսել է երկու հիմք՝

1) անձնական բացառիկ հանգամանքների առկայությունը և՝

2) սոցիալական վերականգնման նպատակը:

Այս երկու հիմքից որևէ մեկի առկայության դեպքում կարճաժամկետ մեկնում տրա­մադ­րե­լու հարցը որոշելիս՝ հիմնարկի պետը հաշվի է առնում դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը: 

Այս համատեքստում օրենսդիրը կարճաժամկետ մեկնումը չի դիտարկում որպես խրա­խուսանքի միջոց, ինչպես առաջարկվում է նախագծում: Օրենսգրքի 51-րդ, 58-րդ և 93-րդ հոդվածներով նախատեսված խրախուսանքի միջոցների շարքում կարճաժամկետ մեկնումը նախատեսված է:

Նշված կարգավորումների և նախագծով առաջարկվող կարգավորման համա­դրումից հետևում է, որ ընթերցանությունը կարող է դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի անձի կամ վարքագծի վրա, ինչը կարճաժամկետ մեկնում տրամա­դրելու հարցի որոշման շրջանակ­նե­րում ենթակա է քննարկման: Այլ կերպ ասած՝ ընթեր­ցա­նու­թյունը չի կարող դիտարկվել կարճա­ժամկետ մեկնում տրամադրելու առանձին հիմք՝ չկազմելով ո՛չ անձնական բացառիկ հանգա­մանքների, ո՛չ սոցիալական վերականգնման բովանդակության մասը:

Ասվածից բացի, հարկավոր է նկատել, որ առաջարկվող կարգավորումը դրա իրա­ցումն ապա­հո­վելու տեսանկյունից որոշակի չէ, մասնավորապես, հստակ չէ՝ ինչպե՞ս է որոշվելու դատապարտ­յալի կրթական մակարդակի փոփոխությունը, ի՞նչ ստուգիչ չափա­նիշներ են նախատեսվելու՝ ենթադրյալ փոփոխությունը գնահատելու համար, ովքե՞ր են լինելու այն պատասխանատու անձինք, որոնց վերապահված կլինի դատապարտյալի կրթական մակարդակի փոփոխության ստուգումը: Բացի դրանից, նշված կարգավոր­մամբ անհրաժեշտություն կառաջանա նաև ստեղծելու անհրաժեշտ ռեսուրսներով այն­պիսի հսկողական մեխանիզմ, որը հնարավորություն կտա վերահսկելու և ապահովելու ընթերցանության հետ կապված գործընթացի պատշաճ իրականացումը:

Այս առումով հարկավոր է նկատել, որ որոշակի չէ այն հարցը, թե ինչպես է գնահատվելու նաև ընթերցանության անմիջական ազդեցությունը դատապարտյալի անձի կամ վարքագծի վրա: Հայտնի չէ նաև, թե ինչ գրականության մասին է խոսքը, ո՞ր գրքերն են, որ կարող են նպաստել դատապարտյալի սոցիալական վերականգնմանը:

Նախագծի հիմնավորման ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ նախագծի հեղինակը դատապարտյալին ընթերցանությամբ պայմանավորված կարճաժամկետ մեկնում տրամադրելը դիտարկում է որպես դատապարտյալի ուղղման միջոց, որը նպաստում է դատապարտյալի վերա­սոցիալականացմանը: Այս համատեքստում հարկավոր է հաշվի առնել այն, որ, համաձայն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և այլ նման զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը:

Հաշվի առնելով վկայակոչված կարգավորումը՝ անհրաժեշտ է նշել, որ, չնայած կրթական զբաղվածությունը (դրա մեջ կարող է ընդգրկվել նաև ընթերցանությունը) դատապարտյալի ուղղման միջոցառումներից մեկն է, այնուամենայնիվ, դատապարտ­յալի ուղղումը, որպես պատժի նպատակ, ենթադրում է օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համալիր միջոցառումների իրականացում, ինչը նշանակում է, որ այդ նպատակի իրացումը պայմանավորված է նշված համալիր աշխատանքների միաս­նական իրացմամբ:

Ստացվում է, որ նախագծով առանձնացվում է դատապարտյալի ուղղման միջոց­ների շարքում ընդգրկված միջոցների ընդամենը մեկի բաղադրիչը և այն դիտարկվում է որպես դատա­պարտյալին խրախուսելու միջոց, ինչը խնդրահարույց է և ենթակա լրա­ցուցիչ հիմնա­վորման: Բացի դրանից, այս առումով նախագծի հիմնավորման մեջ ներ­կայացված միջազգային փորձի ուսումնա­սի­րությունից պարզ է դառնում, որ, չնայած նախագծով առաջարկվում է գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, տրամադրել կարճաժամկետ մեկնում, այդուհանդերձ, ներկա­յացված միջազգային փորձում՝ Բրազիլիայի և Իտալիայի Կալաբրիի տարա­ծաշրջանի օրի­նակներում, ընթերցանությունը պատժի ժամկետի կրճատման հիմք է, ինչը հանգեց­նում է նախագծի կարգավորման առարկայի և դրա հիմքում դրված հիմնավորման միջև տրամաբանական կապի բացակայությանը:

Միաժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ, հաշվի առնելով քրեական պատիժների հա­մա­կար­գի արդիականացման և դրա նպատակայնության ապահովման հիմնախնդիրը, ներկայումս մշակվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարո­ղական նոր օրենսգրքի նախագիծը, որով վերանայվելու են քրեակա­տարողական ոլորտի մայր օրենքում նշված բոլոր ինստիտուտները: Ըստ այդմ՝ ներկայացված առաջարկը (կար­ճաժամկետ մեկնումը նաև որպես խրախուսանքի միջոց կիրառելու մասով) կարող է քննարկ­ման առարկա դարձվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենս­գրքի քննարկումների շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առա­ջարկը ենթադրում է կարճաժամկետ մեկնման ինստիտուտի վերաիմաստավորում: