«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատա­րե­լ­ու մասին» Հայաստանի Հանրա­­պե­տու­թյան օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է՝

  1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է համայնքի ավագանու լիազո­րու­թյուն­ներից հանել համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքային ոչ առևտրային կազմա­կերպությունների (այսուհետ՝ ՀՈԱԿ) ղեկավարներին համաձայ­նություն տալու լիազորությունը, իսկ նախագծի 2-րդ հոդվածով համայնքի ղեկավարի ընդհանուր լիազորություններից հանել ՀՈԱԿ-ի ղեկավարների նշանակման և ազատ­ման լիազորությունը: Սակայն, հարկ է նշել, որ նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 35.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունն աշխատակազմի կողմից ուղարկվում է տվյալ պաշտո­նում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Հիշյալ նորմերի վերլուծությունից ելնելով՝ առաջարկում ենք նախագծով հստակեցնել պաշտո­նում նշա­նակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 35-րդ հոդ­վածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «Ավագանու կողմից երկու անգամ համա­ձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ» բառերը: Մինչդեռ ներկայացվող նախագծի կար­գա­վորման առարկայից դուրս է համայնքային հիմնարկների և կազմակեր­պու­թյուն­նե­րի, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմա­կերպությունների ղեկա­վարներին պաշտոնի նշանակելու հարցերը: Ուստի, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ համայնքային ոչ առևտրային կազմակեր­պությունների ղեկավարներին պաշտոնում նշանակելու կարգավորումները տրվում են նախագծի 35.1-ին հոդվածում:
  3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքը լրացնել 35.1-ին հոդ­վածով, ինչի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նշված օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնա­կա­ռավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի և Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկություն­ները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մար­մինների փոխհարաբերությունները: Մինչդեռ, նախագծի 3-րդ հոդվածով նախա­տես­ված լրացմամբ սահմանվում է համայնքային ոչ առևտրային կազմա­կերպու­թյուն­ների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը, որը չի կարող հանդիսանալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգա­վորման առարկա:

Բացի այդ, կարգում անհրաժեշտ է նախատեսել մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող լրացուցիչ կարգավորումներ, ինչը հնարավորություն կտա ապահովելու մրցույթի անցկացման թափանցիկությունը, օբյեկտիվությունը և միաժա­մանակ խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

Այսպես` անհրաժեշտ է նախատեսել, թե ինչ ժամկետում են ընդունվում մրցույ­թին մասնակցելու մասին հայտերը հայտարարությունները հրապարակվելուց հետո: Անհրաժեշտ է նաև նախատեսել, թե երբ է նշանակվում մրցույթը` հայտերն ընդունելու ավարտից հետո: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել բոլոր թեկնածուների հետ քննարկան անցկացման համար որոշակի ժամկետ` օրինակ, 30 րոպե կամ 1 ժամ: Նախագծի համաձայն` մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթաց­քում թեկնածուն ներկայացնում է նաև իր աշխա­տանքային ծրագիրը: Այդ առումով հարցազրույցի անցկացման չափանիշները հստակեցնելու և սուբյեկտիվիզմի գոր­ծոնը վերացնելու համար գտնում ենք, որ հարցազրույցի ընթացքում պետք է քննարկ­վի միայն թեկնածուի կողմից ներկայացված աշխատանքային ծրագիրը: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել մրցույթի ձայնագրմանը վերաբերող դրույթներ, ինչը նույնպես կապահովի մրցույթի անցկացման օբյեկտիվությունը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հետևյալը`

1) 35.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն` եզրակացությունն ստանալուց հե­տո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասու­թյուն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապա­տասխան պաշտոնում։ Նկատի ունենալով օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներում առա­ջարկվող փոփոխությունները և լրացումները, պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե որ պաշտոնատար անձի մասին է խոսքը. 

2) 35.1-ին հոդվածի դրույթները վերաբերում են համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին և այդ պաշտոնին նշանակվելուն: Նախագծով առաջարկվող օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշ­մամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպու­թյուն­ների ղեկավարներին` բացառու­թյամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ների ղեկավարների։ Նախագծով առաջարկվող կարգավորումների դեպքում նախագծում բացակայում են համայնքային ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ների ղեկավարներին պաշտոնից ազատելու վերաբերյալ դրույթները, որոնք անհրաժեշտ է նախատեսել:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ նշված կարգավորումները պետք է տեղ գտնեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգում, սակայն մրցույ­թի նախա­պատ­րաստման, անցկացման և արդյունքների ամփոփման դետա­լաց­ված նկարագրությունը նպա­տակահարմար չէ կատարել օրենքում: Այդ առումով առաջարկում ենք նախագծով սահմա­նել, որ մրցույթի անցկացման կարգը հաստա­տում է Հայաստանի Հանրապետության կառավա­րության լիազորած պետական կա­ռա­վարման մարմինը: Այդ նպատակով առաջար­կում ենք նախագծի 3-րդ հոդվածը հանել, իսկ 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի առաջին նա­խա­դասությունը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազ­մա­­կերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայն­քային ոչ առևտրային կազմակերպության ղեկա­վարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը» բառերով:»: