«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-034-28.02.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդունելի համարելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող ընդհանուր կարգավորումները, միաժամանակ՝ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ստորև ներկայացնում է հետևյալ նկատառումները:

Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասում կատարվող փոփոխության 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթերով յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը, այդ թվում՝ նաև որպես հովանավորների հիշատակումը, թույլատրվում է ժամը 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացի սպորտային միջոցառումների հեռարձակման ժամանակահատվածից, իսկ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հետևող մեկ ժամվա ընթացքում արգելվում է սույն պարբերությամբ հաստատված գովազդը: Միասնական մոտեցում ցուցաբերելու և հավասար պայմաններ սահմանելու նպատակով՝ առաջարկում ենք.

  • նախագծի 1-ին հոդվածում օգտագործվող «յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթերով» և «ռադիոյով» հասկացությունները համապատասխանաբար փոխարինել «հեռուստածրագրով» և «ռադիոծրագրով» հասկացություններով՝ հաշվի առնելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշված հասկացությունների սահմանումները տրված չեն.
  • նույն ժամային սահմանումը կիրառել յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթե-րով և ռադիոյով իրականացվող վիճակախաղերի գովազդների վրա: Միաժամանակ առաջարկում ենք հոդվածում նշված «21:00-ից մինչև 06:00-ն» և «08:00-ից մինչև 20:00-ն» բառերը համապատասխանաբար փոխարինել «24:00-ից մինչև 06:00-ն» բառերով (նշված ժամային սահմանափակումը ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 20-ի N 1032- Լ որոշմամբ հավանության արժանացած՝ վերը նշված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների 1-ին կետի 2-րդ ենթակետով).
  • նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Առաջարկում ենք լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել նույն՝ վերը նշված ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
  • նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 26-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ մասում հստակեցնել, թե որոնք են «նախատեսված խախտումները», քանի որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում արդեն իսկ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարների նկատմամբ կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: Բացի դրանից, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նախագծով առաջարկվող` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուգանքի սահմանումը:

 Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք 2-րդ հոդվածը խմբագրել՝ հստակեցնելով, թե ինչ խախտումների համար են գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները ենթարկվելու վարչական պատասխանատվության:

Նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն և առկա են տեխնիկական վրիպումներ:

1) նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 6-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով` նկատի ունենալով, որ լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.           

2) նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ պարբերության համաձայն` վիճակախաղերի գովազդ է համարվում վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղերի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը՝

ա. նախ պարզ չէ և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի այն հանգամանքը, թե ինչպես կարող է վիճակախաղերի հովանավորների գովազդը որևէ կերպ սահմանափակվել, մասնավորապես այն դեպքերում, երբ հովանավորի գովազդը որևէ կերպ չի առնչվի վիճակախաղի գովազդի հետ.

   բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` ֆիրմային անվանումը իրավաբանական անձի անհատականացման միջոց է, մինչդեռ նախագծում խոսքը վիճակախաղերի ֆիրմային անվանումների մասին է: Իսկ «Վիճակախաղերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` վիճակախաղը հրապարակային միջոցառում է, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում՝ շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես պատահականության արդյունք են: Բացի դրանից՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «լոգոներ» բառը չի կարող օգտագործվել վիճակախաղերի ֆիրմային անվանումները բնորոշելու համար, քանի որ լոգոտիպը կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրն է: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել.

գ. նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով լրացվող 11.1-ին մասից անհրաժեշտ է հանել «ա» կետը` նկատի ունենալով, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով արդեն իսկ սահմանված է, որ արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին: