«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-136-16.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­­­ՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ­

 

Հայաս­տանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի հիմքում դրված մոտեցման վերաբերյալ ունի հետևյալ դիտարկումները և առաջարկությունները.

  1. Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվում է «ոչ ավան­դա­կան սեռական կողմնորոշում» ձևակերպումը, որը քննարկվող հոդվածի դիսպոզիցիան դարձնում է բլանկետային: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում գործածվող բլանկետային դիսպոզիցիաների էությունը կայանում է նրանում, որ դրանցում նկարագրված հանցագործության հատկանիշներն ամբողջությամբ բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել իրավունքի այլ ճյուղերի նորմերին, այլ օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի: Մինչդեռ, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, այնպես էլ այլ իրավական ակտերում «ոչ ավանդական սեռա­կան կողմնորոշում» ձևակերպման սահմանումը բացակայում է, ինչը խնդրա­հարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ քննարկվող ձևակերպման սահմանումն անհրաժեշտ է հստակեցնել կամ Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի շրջանակներում, կամ էլ դրա սահմանումն ամրագրել այլ իրավական ակտերում:
  2. Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի հանցակազմի օբյեկտը 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերություններն են: Մինչդեռ, քննարկվող հոդվածի դիսպոզիցիայում Նախագծի հեղինակը, ի թիվս այլնի, ներառել է «համացանցի և զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը», որը փաստացի ուղղված է ոչ միայն 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերությունների, այլև ավելի լայն զանգվածների դեմ: Այս առումով գտնում ենք, որ վերոնշյալ դրույթն անհրաժեշտ է կամ հանել Նախագծից, կամ էլ խմբագրել՝ հաշվի առնելով 165.1-ին հոդվածի անմիջական օբյեկտը:
  3. Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեա­կա­նացված են: Այսպես, տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունների վերա­բերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, որպես հանցակազմ նախա­տեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, որը պատաս­խա­նա­տվու­թյուն է սահմանում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար: Ինչ վերաբերում է նույն արարքին, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունները մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, ապա այդպիսի արարքները որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար: Այսպես, քրեական իրավունքի տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում անառակաբարո գործողությունները ընդունված է բաժանել երկու տեսակի՝ ֆիզիկական և ինտելեկտուալ: Ինտելեկտուալ բնույթի անառա­կաբարո գործողություններն են համարվում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանո­թացնելը և նման այլ արարքներ: Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ Նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպա­տակով:

        Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից: