«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Պ-141-20.05.2019-ԱՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունելի է համարում նախագծով առաջարկվող դրույթները, միևնույն ժամանակ առաջարկում է քննարկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու պահանջի նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության մարմիններում աշխատանքների համակարգում ենթադրող մի շարք պատասխանատու պաշտոններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չեն հանդիսանում ղեկավար պաշտոն (օրինակ՝ նախարարի խորհրդական, վարչության խորհրդական, մամուլի քարտուղար, ինչպես նաև պետական այլ մարմիններ գործուղված դիվանագետների զբաղեցրած հայեցողական պաշտոններ):

Առաջարկում ենք օրինագծի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով պահանջվող դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժի փոխարեն սահմանել առնվազն 10-նամյա ստաժ:  Մասնավորապես, արտաքին մրցույթով նշանակումների դեպքում և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու պարագայում 15-ամյա ստաժը բավականին երկար ժամկետ է, և 10-ամյա ժամկետ սահմանելով կարելի է հնարավորինս համակարգը դարձնել ավելի ճկուն, ինչպես նաև սա կլինի մոտիվացիոն հանգամանք նոր կադրերով համալրելու համար:

Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող 15 տոկոսի շեմը սահմանել 20 տոկոս:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակից ներկայացված՝ դիվանագիտական մարմնի ղեկավարի թեկնածուի համար պահանջվում է թե մասնագիտական որակավորումներ (պարտադիր պետք է լինի դիվանագետ) և թե երկարամյա փորձ (15 տարվա դիվանագիտական ստաժ), ապա արդյո՞ք իրավաչափ է, որ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված անձանց նշանակման համար որևէ չափորոշիչներ չեն սահմանվում՝ ոչ աշխատանքային փորձի և ոչ մասնագիտացման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրինագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով ներկայացնում է հետևյալ նկատառումները՝

Օրինագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով գործող օրենքի 14-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասի վերաբերյալ հայտնում ենք, որ առաջարկվող դրույթի ամրագրումն արգելափակված է սահմանադրի կողմից:

Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ գործունեությունը կարգավորվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով: Այս կանոնը վերաբերում է ինչպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ընդհանրապես, այնպես էլ այդ կոլեգիալ մարմնի կազմում ներառված մշտական հանձնաժողովներին մասնավորապես և առանցքային նշանակություն ունի հատկապես այն տեսանկյունից, որ զսպող մեխանիզմ է առ այն, որ օրենսդիրն իր հայեցողությամբ լրացուցիչ իրավասություններ չվերապահի ինքն իրեն:

Մինչդեռ, ներկայացված նախագծով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը, ըստ էության, օժտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ չնախատեսված հավելյալ իրավազորությամբ: Հարկ է ընդգծել, որ սահմանադրականության խնդիրը չի հաղթահարվում անգամ «կարող է» ձևակերպման պայմաններում, քանի որ որևէ պետական մարմնի կողմից որևէ գործողության կատարումը, թեկուզև հայեցողական բնույթի, միևնույն է կոնկրետ լիազորության գործադրում է, պարզապես հայեցողական լիազորության, այլ ոչ թե՝ պարտադիր:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության նախագահին դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակելու առաջարկություն ներկայացնելը, կրկին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ուժով, Հայաստանի Հանրապետության վարչապետի բացառիկ լիազորությունն է: Իսկ թե համապատասխան առաջարկության ներկայացմանը նախորդող ինչ գործընթաց կիրականացնի վարչապետը, դա վերջինիս բացարձակ հայեցողությունն է և այդ հայեցողության շրջանակները որևէ մարմնի, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, որևէ կերպ չեն կարող կանխորոշվել կամ նեղացվել:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկվում է նախագիծը վերանայել այն հաշվով, որպեսզի բացառվեն սահմանադրական կարգավորումների հետ անհամատեղելի լուծումները: