«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՀ կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

  1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ, սակայն ըստ էության 1-ին պարբերությամբ կրկնվում է օրենքի նախաբանի բովանդակությունը, իսկ 2-րդ պարբերությամբ ներկայացված բովանդակությունն արդեն իսկ կարգավորված է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով, որով սահմանված են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններն ըստ հերթականության, միևնույն ժամանակ սահմանված է, որ ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին, իսկ ազգային ջրային պաշարը` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանումը և օգտագործումն է։

Բացի այդ, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված են արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները, որում նշված է, որ ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծի 1-ին հոդվածի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ դրանով առաջարկվող փոփոխությունն արդեն իսկ կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ։

  1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը նպատակահարմար ենք գտնում դիտարկել ՀՀ Ազգային ժողով երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որով ամրագրվում են  նոր  փհէկերի կառուցման համար արգելված գոտիներ և կառուցվող փհէկերին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքեր։ Վերջինիս ընդունումից հետո կսահմանվի փհէկերի կառուցման և շահագործման համար արգելված գետերի ցանկը։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, կարևորելով Սևանա լճի ավազանի պահպանության խնդիրները, իր առաջարկությամբ փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի N 3 արձանագրային որոշման մեջ (քաղվածք ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 30 նիստի արձանագրությունից)՝ հանելով փհէկերի զարգացման սխեմայից Սևանա լճի ավազան բաժինը:

  1. Նախագծի 3-րդ հոդվածի հետ կապված առաջարկում ենք փոփոխվող հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ առաջարկվող կարգավորումը կարող է հանգեցնել այն վիճակին, որ եթե տվյալ տարի գրանցվի Սևանա լճի բացասական հաշվեկշիռ, ինչը կարող է առաջանալ նաև բնակլիմայական պայմանների փոփոխման արդյունքում, ապա կսահմանափակվի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6.1-ին կետով սահմանված՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակի՝ 170 մլն մ/խ չափաքանակի օգտագործման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ հարցի կարգավորման նպատակով, բացասական հաշվեկշռի բացառման սկզբունքից ելնելով, առաջարկվում է լրացում նախատեսել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6.1-ին կետի 2-րդ պարբերությունում՝ սահմանափակելով օրենքով նախատեսված չափաքանակից ավել ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում։