«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-157-24.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

  1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ավագանու խմբակցություններին տալ իրավասություն հանդես գալու, տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ նախագծի հեղինակների կողմից չեն ներկայացվում այդ դրույթի սահմանման անհրաժեշտության վերաբերյալ բավարար հիմնավորումներ, բացի նրանից, որ նմանատիպ կարգավորում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախկինում եղել է: Տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնությամբ հանդես գալն ինքնանպատակ չէ. այստեղ կարևոր հանգամանք կարող է հանդիսանալ Երևանի բնակիչների զգալի հատվածի շահերից բխող հարցով տեղական հանրաքվե նշանակելը, իսկ նման հարցի առկայության դեպքում ավագանու մեկ երրորդը (ինչպես որ ներկայումս սահմանված է Օրենքում) հաստատապես կնախաձեռնի այդ հարցը հանրաքվեի դնելը: Այդ պարագայում հավանականությունը մեծ է, որ նախաձեռնության վերաբերյալ իր դրական վերաբերմունքը կհայտնի նաև ավագանու անդամների մեծամասնությունը: Առաջարկում ենք նախագծի 1-ին և 7-րդ հոդվածները հանել:
  2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է հստակեցնել քաղաքապետի, քաղաքապետի տեղակալների, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ավագանու անդամի պահանջով վերջինիս ընդունելու ժամկետը՝ սահմանելով այն երեք օր: Այս առումով հայտնում ենք, որ չեն բացառվում դեպքեր, երբ այդ ժամկետը հնարավոր չի լինի ապահովել, օրինակ՝ ամանորյա տոներին կամ այլ տոներին, երբ տոնին հաջորդում են հանգստյան օրերը, քաղաքապետի արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելիս: Ուստի առաջարկում ենք Օրենքի «հնարավոր սեղմ» ժամկետը թողնել անփոփոխ. չի բացառվում, որ այն նախագծում նշված եռօրյա ժամկետից էլ պակաս լինի:

Օրենքի նույն հոդվածով առաջարկվում է ավագանու անդամին օժտել նոր իրավասությամբ՝ դիտորդի կարգավիճակով, որպեսզի նա կարողանա մասնակցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործակարգավարական նիստերին: Օրենքի 65-67-րդ հոդվածների համաձայն՝ Երևանի քաղաքապետի կողմից կազմակերպվող խորհրդակցություններին կարող են մասնակցել համապատասխան պետական մարմինների և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչները: Ըստ այդմ՝ գործակարգավարական նիստերը ընդամենը քաղաքապետի բացառիկ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված և զուտ քաղաքային իշխանության գործադիր հատվածի աշխատանքային խորհրդակցություններն են, որոնցում քննարկվում է Երևանի քաղաքապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքն այն անձանց մասնակցությամբ, որոնք ուղղակիորեն կրում կամ կարող են կրել այդ հանձնարարականները կատարելու պարտականությունները, հետևաբար որևէ աղերս չունի այդ նիստերին ավագանու անդամի մասնակցությունը, առավել ևս, որ ավագանու անդամը ցանկացած պահի իրավասու է գրավոր պահանջել և ստանալ այդ նիստերի հետ կապված համապատասխան տեղեկատվություն (Օրենքի 18-րդ հոդված): Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հանել:

  1. Նախագծի 3-րդ հոդվածով կրճատվում է ավագանու որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները ավագանու նիստում քննարկելու ժամկետը՝ 4 ամսից մինչև 2 ամիս: Այդ առումով հայտնում ենք, որ ավագանու նիստերը հրավիրվում են նստաշրջանների ընթացքում, որոնք գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Եթե, օրինակ, որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունման նախաձեռնությունը ներկայացվի հունիսին, ապա հնարավոր չի լինի ապահովել դրա քննարկումը երկամսյա ժամկետում, քանի որ մոտակա նիստը կարող է հրավիրվել սեպտեմբեր ամսվա վերջին: Բացի այդ, բազմաթիվ նախագծեր կարիք ունեն հանրային քննարկման, այդ թվում՝ համապատասխան խորհրդակցական մարմիններում, ինչպես նաև նորմատիվ բնույթ ունեցող որոշումները՝ արդարադատության նախարարության կողմից փորձաքննության:
  2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացման արդյունքում ավագանու նիստի օրակարգը ձևավորելիս մասնակից են դառնում ավագանու խմբակցությունները: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խորհրդակցելը կամ չխորհրդակցելը չունի մեխանիզմ և չունի որևէ իրավական հետևանք՝ գտնում ենք, որ այդ հոդվածով նախատեսվող կարգավորումը չի ունենա պրակտիկ կիրառում:
  3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկվող լրացման արդյունքում ընդլայնվում է ավագանու մշտական հանձնաժողովի նիստին հրավիրվածների ցանկը հաստատողների (նախաձեռնողների) ցանկը՝ այդ իրավասությամբ առաջարկվում է օժտել նաև հանձնաժողովի նախագահին: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և բոլոր որոշումները, այդ թվում՝ նիստերին հրավիրվածների ցանկը հաստատելու մասին, պետք է ընդունվեն հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի նախագահին նման լիազորությամբ օժտելը նպատակահարմար չենք համարում:
  4. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել քաղաքապետի, քաղաքապետի տեղակալների և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կողմից ավագանու անդամների բանավոր հարցերին ավագանու նստաշրջանների ընթացքում երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում պատասխանելու փոխարեն դրանց յուրաքանչյուր հերթական նիստի վերջին պատասխանելու վերաբերյալ կարգավորում: Այս կապակցությամբ գտնում ենք, որ քաղաքապետի, քաղաքապետի տեղակալների և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կողմից ավագանու անդամների հարցերին պատասխանելու նման հաճախականություն սահմանելու անհրաժեշտությունը բավարար չափով հիմնավորված չէ և կարող է հանգեցնել ավագանու նիստերի անհարկի ծանրաբեռնման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով ավագանու անդամն օժտված է քաղաքապետին նաև գրավոր հարցեր ուղղելու իրավունքով: Ընդ որում, սահմանված է քաղաքապետի կողմից այդ հարցերին պատասխանելու հստակ ժամկետ, այն է՝ 3 շաբաթ:
  5. 7. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ քաղաքապետը համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ամենշաբաթյա գործակարգավարական նիստերի միջոցով: Կարծում ենք, որ գործակարգավարական նիստերի անցկացման պահանջն Օրենքով ամրագրելը նպատակահարմար չէ: Այդ նիստերը կրում են ներքին կազմակերպչական բնույթ, որտեղ ներկայացվում են համայնքային առկա խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ նախնական առաջարկությունները: Նման նիստեր անցկացվում են գրեթե բոլոր պետական մարմիններում, չնայած այն հանգամանքին, որ այդ կապակցությամբ որևէ օրենսդրական պահանջ չկա: Առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածը հանել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Միևնույն ժամանակ Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Առաջարկում ենք Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը ոչ թե ուժը կորցրած ճանաչել, այլ համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:»: