«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ   ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ»   ԵՎ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-168-31.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է նախատեսել կարգավորում, համաձայն որի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին իրավունք է տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իր սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման հանգամանքով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Անվտանգության խորհուրդն ըստ էության հանդիսանում է գործադիր իշխանության պետական մարմին, ավելին` խորհրդի նիստերին մասնակցելու և քննարկվող հարցի վերաբերյալ որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելու պարտականությունն օրենքով վերապահվում է միայն խորհրդի անդամներին, որոնց մի մասը մշակում և իրականացնում են իրենց վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը,  իսկ մյուս մասը` Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմիններ են:

Թեպետ Անվտանգության խորհուրդը գործադիր լիազորություններով օժտված սահմանադրական մարմին է, և նրա կազմում ընդգրկված են գործադիր իշխանության լիազորություններ ունեցող մարմինների ղեկավարներ, այնուամենայնիվ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության՝ խորհրդարանական կառավարման մոդելը և խորհրդարանական վերահսկողության պատշաճ իրականացման կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ներկայացված նախագծերի վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունքը բխում է Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, առաջարկում ենք նախագծերի փաթեթից հանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին նման լիազորություն վերապահող կարգավորումները: