Առաջարկություն

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակարգի VIII գլուխը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է գրավոր առաջարկներ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից փաթեթի (կոդ՝ Կ-169) վերաբերյալ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի առաջարկվող խմբագրությամբ 17-րդ կետով առաջարկվում է սահմանել հետևյալը.

  1. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական եւ (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական վարորդական իրավունքով Հայաստանի Հանրապետությունում աշխատում են հայազգի վարորդները, նշանակում է, որ այս նորմը, ընդունվելու պարագայում, առաջնահերթ հարվածի տակ է դնելու նրանց շահերը, ինչն ընդհանրապես անթույլատրելի է և չի ենթարկվում տրամաբանական հիմնավորման։

Ըստ այդմ, առաջարկում ենք վերախմբագրել նշյալ կետն այնպես, որ դրա գործողությունը չտարածվի ռուսական վարորդականով Հայաստանում գործունեություն ծավալող հայազգի վարորդների վրա կամ առհասարակ հանել այդ կետը նախագծերի փաթեթից։