«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ  ՕՐԵՆՔ­Ի  ՆԱԽԱ­ԳԾԻ (Պ-174-05.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­Ը      

         

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 157.1-րդ հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվի աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը:

Նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ դիտարկումները՝

1) Նախագծի հիմնավորման մեջ խորությամբ պարզաբանված չէ խնդրո առարկա արարքի դեմ քրեաիրավական գործիքակազմի միջոցով պայքարելու անհրաժեշտությունը: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աշխատանքային իրավահարաբերություններից բխող պատասխանատվության միջոցներ նախատեսված են քաղաքացիաիրավական և կարգապահական պատասխանատվության շրջանակներում: Հետևաբար, աշխատանքային իրավահարաբերությունների համատեքստում քրեական պատասխանատվություն սահմա­նե­լու համար անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչու պետք է պետությունն իր ռեսուրսները ծախսի քրեականացումից բխող վարույթների ներդրման և կիրառման համար այն դեպքում, երբ անխափան գործում են աշխատանքային իրավունքների պաշտպանության վարչական և դատական կառուցակարգերը:

Ուստի, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով նախա­տես­ված՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի սահմա­նադրա­կան դրույթի պատշաճ իրացումն ապահովելու համար նշված արարքի քրեականա­ցումը պարտադիր չէ:

2) Աշխատանքային հարաբերությունների՝ քրեական իրավունքի դաշտ արհեստակա­նորեն տեղափոխելու պայմաններում, ինչը նաև ենթադրում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում քրեադատավարական ընթացակարգերի կիրառում (նյութերի նախապատրաստում, քրեական գործի հարուցման հարցի լուծում և այլն.), աշխատողների ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության այլ եղանակները կարող են այլևս կիրառելի չլինել: Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծով առաջարկվող կարգա­վո­րում­ները քննարկել նաև այդ տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող լրացումները համարում ենք ոչ նպատակահարմար: