«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-175-05.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կա­տա­րելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախա­գիծ) առաջարկվում է, հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը, խմբագրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հստակեցնելով, որ քրեական պա­տասխանատվությունից կազատվեն այն ապաստան հայցողները և փախստականները, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն առանց սահմանված փաստա­թղթերի կամ առանց պատշաճ թույլտվության:

Նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ նկատառումները՝

1) Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ հստակեցված չէ ապաստան հայ­ցելու նախնական նպատակի առկայությունը՝ որպես խրախուսական նորմի կիրառման պարտադիր հատկանիշ, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամա­դրված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի գերակշիռ մեծամասնության պարա­գայում նշված անձինք սահմանապահ զորքերի ծառայողների կողմից չհայտնաբերվելու նպատակով շրջանցում են պետական սահմանի անցման կետերը՝ չնախատեսված վայրերում հատելով սահմանը, իսկ սահմանապահ զորքերի կամ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվելուց հետո ապաստանի խնդրանք կամ դիմում չեն ներկայացնում, ավելին՝ նման խնդրանք կամ դիմում չեն ներկայացնում նաև քրեական գործի հարուցման փուլում, ինչպես նաև նախնական քննության սկզբնական շրջանում: Արդյունքում, ապօրինի սահմանահատների կողմից հետագայում դիմում ներկայացվելու հանգամանքը, հաշվի առնելով նաև «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված կարգավորումները, վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվում է որպես քրեական պատասխանատվությունից խուսափե­լուն ուղղված միջոց, ինչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված բացառությունը կիրառելի չէ:

Հետևաբար, կարծում ենք, անհրաժեշտ է առաջարկվող կարգավորման մեջ հստակեցնել ապաստան հայցելու նախնական նպատակի առկայությունը՝ որպես խրախուսական նորմի կիրառման պարտադիր հատկանիշ.   

2) Նախագծով ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի փոփոխ­ված 3-րդ մասը պարունակում է «ապաստան հայցող» հասկացությունը, որը ներառված չէ նույն իրավահարաբերությունները կարգավորող՝ վերոնշյալ կոնվենցիայի 31-րդ հոդ­վածի 1-ին կետում: Իսկ միջազգային և ներպետական, ազգային օրենսդրության մեջ հակասությունների առկայության պարագայում, գործում է ավելի բարձր իրավաբանա­կան ուժ ունեցող միջազգային պայմանագիրը:

Այս առումով գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ գործող 329-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ տվյալ անձանց շրջանակը ներկայացված է առավել ընդլայնված, այն է՝  ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վերապահ­ված ապաստանի իրավունքից օգտվելու համար  առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք գործող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, լիովին համահունչ է «Փախստականների կարգավի­ճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին, հետևապես, այն փոփոխելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկ-վող փոփոխությունը կրկնում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, առաջարկում ենք վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը համապատասխանեցնել «Փախստականների կարգավի­ճա­կի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին: