«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈ­ՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-187-14.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրա­ցում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսու­հետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենս­գրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված նյութական հանցակազմը դարձնել ձևական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենս­գիրքը լրացնել նոր՝ 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնու­թյուն գոր­ծադրելու հրապարակային կոչերը:      

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝

1) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում Հա­յաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված հանցագործությունն ավարտված կհամարվի ոչ թե մարդու և քաղա­քացու իրավունքներին ու օրինական շահերին փաստացի վնաս պատճառելու, այլ մար­դու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները՝ նորմի դիսպոզիցիայում նշված որևէ հատկանիշից կախված, խախտելու պահից: Այս կապակցությամբ հայտ­նում ենք, որ քննարկվող հանցակազմը ձևական դարձնելու դեպքում արհեստա­կա­նո­րեն իջեցվում է արարքի քրեականացման շեմը, ինչը հոդվածի դիսպոզիցիայում նկա­րա­գրված արարքների լայն շրջանակի առկայության պայմաններում կարող է հանգեց­նել քրեաիրավական նորմի ծայրահեղ մեկնաբանման ու, ըստ էության, ցածր հան­րա­յին վտանգավորություն ունեցող արարքների քրեաիրավական որակման: Օրինակ` արար­քը կարող է որակվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, եթե ղեկավարը հանձնարարի իգական սեռի աշխա­տող­ներին նստել առավել հարմարավետ աշխատասենյակում, քան  արական սեռի աշխա­տող­ներին: Կամ որևէ անձ, ով մերժում է ամուսնության առաջարկը՝ կախված առա­ջարկ անողի՝ 143-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված հատկանիշներից որևէ մե­կին համապատասխանելու հետ, նույնպես, ըստ նախագծի, ընկնում է խնդրո առար­կա հանցակազմի գործողության տակ և ենթակա է քրեական պատասխանատ­վու­թյան: Օրինակները բազմաթիվ են և վկայում են այն մասին, որ հավասարության խախտման ոչ բոլոր դեպքերն են ենթակա քրեականացման, այլ միայն նրանք, որոնք էական վնաս են պատճառել անձի՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին և շա­հե­րին` առաջացնելով իրական բացասական հետևանք հանցավոր ոտնձգության օբյեկ­տի համար: Ուստի, վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետու­թյան քրեական օրենսգրքում տեղ գտած ձևակերպումների համակարգային միաս­նու­թյունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք քննարկվող հոդվածի 1-ին մասում «որը վնաս է պատճառել» բառերը փոխարինել «որը էական վնաս է պատճառել» բառերով՝ այդպիսով հանցագործությունն ավարտված համարել այն ժամանակ, երբ օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությանն արարքով էական վնաս է պատճառվել։ Միաժամանակ առաջարկում ենք իրավահավասարության քրեաիրավ­վական պաշտպանության հարցին առավել համակարգային դիրքերից անդրադառնալ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելիս, որոնք արդեն մեկնարկել են, քանի որ չենք ժխտում, որ նորմը, ընդհանուր առմամբ, թերի է ձևակերպված: 

2) Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդուն­վել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-042-06.03.2019-ՊԻ-011/1), որով քրեականացվող արարքը՝ այն է ահաբեկչության, ահաբեկչության ֆինան­սավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հան­ցանք­ների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ընդ­գրկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.1-ին հոդվածում: Հատկանշական է այն հանգամանքը, որ հիշատակված նախագծով նշված արարք­ներն ինքնին չեն քրեականացվում, այլ քրեական պատասխանատվությունը վրա է հասնելու բացառապես այն դեպքում, երբ այդպիսիք առաջացնեն նշված հան­ցանք­ները կատարելու իրական վտանգ: Նման կարգավորումը նպատա­կաուղղված է բա­ցառելու խոսքի ազատության անհարկի և անհամաչափ սահմանափակումները, ինչպես նաև կանխելու ավելորդ քրեականացումը:     

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը գտնում է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը կատարելիս անհրա­ժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առա­ջին ընթերցմամբ ընդունված նախագծում առկա լուծումները: Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել նախագծով առաջարկվող հոդվածի համարակալումը:       

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի բռնության կոչերի համար պատասխանատվություն նախատեսելու հարցի ուսումնասիրության հանձնարարականը, գտնում ենք, որ իրավահավասարության ապահովման անկյունաքարային նպատակի իրականացման համատեքստում անհրա­ժեշտություն է առաջացել մանրամասն քննարկելու ոչ միայն բռնության կոչերի, այլև ատելության խոսքի համար պատասխանատվություն նախատեսելու ավելի համա­կար­գային մոտեցումը, որը բազմիցս ընդգծվել է նաև քաղաքացիական հասարակության հետ մեր քննարկումներում: Այդ նպատակով, գտնում ենք, որ ավելի նպատա­կա-հարմար է տվյալ նախագծի քննարկումը հետաձգել մինչև ատելության խոսքի համար պատասխանատվություն նախատեսելու հարցի համակողմանի ուսումնասիրությունը: