ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

                                             

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առա­ջին ընթերցմամբ ընդունված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-113-18.04.2019,17.06.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

1. Նախագծերում օգտագործվող «հատուկ պայմաններ» բառակապակցությունն ընդհանրական է, և իրավակիրառ մարմինն իրավական կարգավորումների տեսանկյունից չունի հստակ ուղենիշ:

Այս համատեքստում հարկ է նշել, որ իրավական որոշակիության սկզբունքի կենսագործման կարևոր երաշխիքներից է իրավական նորմերի, դրանցում օգտագործված եզրույթների անհրաժեշտ հստակությունը, դրանց իմաստը համարժեք բացահայտելու և դրան համապատասխան իրավակիրառ պրակտիկա ձևավորելու մշակույթը: Հետևաբար նախագծերում կիրառվող «հատուկ պայմաններ» բառակապակցությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ այն համապատասխանեցնելով իրավական որոշակիության սկզբունքին:

Այդ առումով նախագծերի անցումային դրույթներում նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունման երկամսյա ժամկետը ևս վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «հատուկ պայմաններ» բառակապակցության բովանդակության հստակեցման անհրաժեշտությունը: 

2. Նախագծերի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

Հարգանքով՝  էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ