«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-198-20.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Նախագծով  նախատեսվում է արբիտրի համար բարձրագույն իրավաբանական կրթությունը նախատեսել որպես պարտադիր պահանջ:

Այս առնչությամբ գտնում ենք, որ տվյալ օրենսդրական առաջարկը խնդրահարույց է հետևյալ հիմնավորումներով:

  1. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածից հստակորեն բխում է, որ կողմերն ազատ են սահմանելու արբիտրին ներկայացվող պահանջները՝ դրսևորելով ազատ կամահայտնություն և ինքնուրույնություն այդ հարցում:

Ինչպես երևում է վերոնշյալ հոդվածի վերլուծությունից, կողմերի ազատ կամահայտ­նությունն արբիտրի ընտրման հարցում սահմանափակվում է միայն տվյալ պարտադիր պահպանման ենթակա պահանջներով: Մասնավորապես, կողմերը կարող են արբիտրի համար սահմանել ինչ-որ պահանջներ կամ չսահմանել որևէ պահանջ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է արբիտրի տարիքին (պարտադիր պահանջ է նրա 25 տարեկան լինելը), նրա գործունակությանը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն գործունակությունը սահմանվում է որպես իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքա­ցիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակու­թյուն) և քաղաքացու բարձրագույն կրթությանը:

Այսինքն՝ սահմանելով միայն իրավաբանական բարձրագույն կրթության պահանջ՝ կողմների ազատ կամահայտնության սահմաններն ավելի կնեղացվեն, ինչը, կարծում ենք, չի բխում կողմերի շահերից:

  1. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ օրենքի շրջա­նակներում «արբիտրաժ» նշանակում է ցանկացածարբիտրաժ՝ անկախ դրա` մշտապես գոր­ծողարբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրա­կանացվելու հանգամանքից:

Այսինքն՝ սահմանելով բարձրագույն իրավաբանական կրթության պահանջը՝ այն կդառնա կիրառելի ինչպես ad hoc, այնպես էլ ինստիտուցիոնալ արբիտրաժի նկատմամբ:

Գտնում ենք, որ եթե որոշ տեսակի վեճերով ինստիտուցիոնալ արբիտրաժի դեպքում նման սահմանափակում նախատեսելը ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, ապա ad hoc արբիտրաժի դեպքում նման սահմանափակում դնելն արդարացված չէ, քանի որ անհարկի սահմանափակում է նրանց կամահայտնությունը:

  1. Բացի այդ՝ առևտրային արբիտրաժի կողմից քննվող գործերի շրջանակն այն­պիսին է, որ կարող է պահանջել տարատեսակ մասնագիտական գիտելիքներ և ոչ միայն՝ իրավաբանական:

Այսպես՝ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի համաձայն «առևտրային» հաս­կացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես՝ ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մա­տուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձա­կալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկա­տիրա­կան համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները: Ուստի առևտրային արբի­տ­րաժի կողմից քննվող գործերով շատ դեպքերում այլ մասնագիտություն ունենալը կարող է առավել արդյունավետ լինել:

  1. Սահմանելով պարտադիր իրավաբանական կրթության պահանջ՝ կստացվի, որ արբիտրներ կընտրվեն միայն իրավաբանները: Դժվար չէ պատկերացնել, որ երկու բարձ­րագույն կրթություն ունեցող անձինք քանակապես ավելի քիչ են, քան մեկ բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Ուստի այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ունի, օրինակ՝ նեղ ֆինանսական բնույթ, կողմերը ստիպված կլինեն գտնել ֆինանսական ոլորտի մեջ մասնագիտացած իրավաբանի, կամ ֆինանսական ոլորտի մասնագետի, որն ունի նաև իրավաբանական կրթություն, ինչը, կարծում ենք, անհարկի կբարդացնի արբիտր ընտրելու ընթացակարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսված փոփո­խության կատարման անհրաժեշտությունը բացակայում է:

Այդուհադերձ, հաշվի առնելով, որ օրենքն արբիտրի գործնական հմտությունների հետ կապված պահանջներ չի սահմանում, ընդունելի կլիներ նախագծով օրենքի 11-րդ հոդ­վածում արբիտրի համար սահմանել առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատան­քային փորձի պահանջ: