ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-200-21.06.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ     

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:      

Թեև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 742-Լ որոշմամբ հավանություն է տրվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-134-13.05.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը, որով, ի պատասխան երաշխավորված ավանդի գործող սահմանաչափերը երկու անգամ բարձրացնելու առաջարկին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դոլարիզացիայի դեմ պայքարի համատեքստում իրատեսական է համարվել դրամով երաշխավորված ավանդների սահմանաչափի ավելացումը՝ երկու միլիոն դրամի չափով, այդուհանդերձ, սահմանաչափի փոփոխումն այս պահին նպատակահարմար չենք համարում:

Հիշատակված որոշման մեջ նշվել էր նաև, որ գործող սահմանաչափերի ցանկացած, այդ թվում՝ նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի մի շարք հաշվարկներով և վերլուծություններով, որոնք իրականացվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում վերանայման պահանջը բխում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածից: Նշված ժամանակահատվածը սահմանելն ինքնանպատակ չէ՝ այն առումով, որ այն հնարավորություն է տալիս ավանդային շուկայի ծավալների հնարավոր փոփոխության պայմաններում գնահատելու երաշխավորված սահմանաչափերի փոփոխման անհրաժեշտությունը:

Հետևաբար, հրավիրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել համապարփակ վերլուծություն՝ երաշխավորված ավանդների սահմանաչափերի, այդ թվում՝ նախագծով առաջարկվող չափով վերանայման նպատակահարմարության գնահատման համար՝ հիմքում դնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են երաշխավորված ավանդի առավելագույն չափի և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցությունը, բանկային համակարգում երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների ընդհանուր թվի մեջ երաշխավորված ավանդի չափը գերազանցող ավանդատուների թվի կշիռը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում ֆիզիկական անձանց բանկային ավանդների ընդհանուր գումարի մեջ երաշխավորված ավանդների գումարի կշիռը, ինչպես նաև երաշխավորված ավանդի սահ- մանաչափերի հաշվարկման նպատակով կիրառվող՝ միջազգայնորեն ընդունված այլ ցուցանիշներ։        
          Հաշվի առնելով այն, որ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երաշխավորված ավանդի չափի վերանայման գործընթաց, առաջարկում ենք ներկայումս ձեռնպահ մնալ սահմանաչափերը փոփոխելուց: