«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-207-24.06.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ընդունված՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու մասին դիմումներում, մինչև 10 տոկոս բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց կամ իրավաբանական անձանց տվյալները չնշելու շեմի սահմանման վերաբերյալ որոշման կայացումը եղել է ներառական գործընթացով բազմաշահառու աշխատանքային խմբի կողմից՝ միջազգային փորձի և ներպետական համակարգի ուսումնասիրությունների հիման վրա: Ներկայացնում ենք հիմնական դրույթներ և համապատասխան տեղեկանք (կցվում է), որոնք վերահաստատում են 10 տոկոս շեմի վերաբերյալ ընդունված որոշման հիմնավորվածությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ գործիքների միջոցով ռիսկերի էական նվազեցումը և այլ երկրների համեմատությամբ առաջադիմական լինելը:

1. 2019 թվականի ապրիլին ընդունված օրենքով ամրագրված 10 տոկոսի տիրապետումից բացի, սահմանված է նաև համատեղ 10 տոկոսի տիրապետման դրույթ, ինչպես նաև փոխկապակցվածության հարաբերությունների մանրամասն նկարագրություն, ինչը նվազեցնում է փոքր բաժնեմասնակցություն, սակայն հնարավոր ազդեցություն ունեցող անձանց չբացահայտման ռիսկը:

2. Որպես իրական սեփականատերերի սահմանման հայտանիշ, անկախ շեմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դիտարկվելու է, իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով, ընկերության կառավարման վրա ազդելու հնարավորությունը, ինչը կապահովի պատասխանատվության ենթարկել լրացուցիչ լծակների չհայտարարագրման և բաց ռեգիստրի հանրային վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների դեպքում:

3. Իրական սեփականատերերի գրանցամատյան ստեղծելու գործընթացը դեռևս նոր է, այդ թվում՝ զարգացած երկրների համար: Վերջիններս, Հայաստանի համեմատ անգամ կրկնակի բարձր շեմեր սահմանելով, լրջագույն մարտահրավերների են հանդիպում: Ուստի, Հայաստանի համար մեծ առաջընթաց կլինի արդեն իսկ ընդունված հավակնոտ օրենքի շրջանակներում համապատասխան ռեգիստրի ստեղծումը: Շեմերի բացառումը կարող է հանգեցնել ոչ միայն հիմնական նպատակից շեղման, լրացուցիչ ռեսուրսներ ընդգրկելու անհրաժեշտության, տնտեսվարողի կողմից մեծածավալ, բայց ոչ թիրախային տեղեկատվության հավաքագրման, այլև բացասական ազդեցություն ունենալ գրանցամատյանների ստեղծման և գործարկման սաղմնային փուլում:

4. Շեմերի անհրաժեշտության մասին են վկայում միջազգային ստանդարտները՝ ՖԱԹՖ, ԱՃԹՆ և ԵՄ 5-րդ հրահանգ: Ընդ որում, եթե նախկինում օրակարգային էր նույն ԵՄ 4-րդ հրահանգում սահմանված շեմն իջեցնելու վերաբերյալ հարցը, ապա 2018 թվականի փոփոխությունների արդյունքում նախկին՝ 25 տոկոս շեմը մնաց անփոփոխ: Հրահանգը հնարավորություն է տալիս ազգային մակարդակում սահմանելու ավելի ցածր շեմ, սակայն այսօր շուրջ 30 եվրոպական երկիր սահմանել է 25 տոկոս և փորձում է դեռևս իրագործելի դարձնել այդ կարգավորումը:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Իրական սեփականատերերի սահմանման բաժնեմասնակցության հայտանիշով շեմեր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ 

Իրական սեփականատերերի (ԻՍ) բաժնեմասնակցության շեմերի սահմանումը՝ որպես նոր համակարգի ներդրման արդյունավետության հարց

Վերջնական շահառուների մասին տեղեկատվության հավաքագրման պահանջը վերջին տասնամյակում Հայաստանում քննարկման առարկա է եղել տարբեր հարթակներում՝ Բաց կառավարման գործընկերություն, հակակոռուպցիոն առանձին ծրագրեր: Շոշափելի հաջողության հնարավոր եղավ հասնել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում, որտեղ անհրաժեշտ էր թեմային վերաբերող յուրաքանչյուր դրույթի վերաբերյալ (սահմանումներ, շեմեր, փոխկապակցվածություն, սանկցիաներ և այլն) հասկանալ աշխարհում առկա լավագույն փորձը, մանրամասն ուսումնասիրել ներպետական ինստիտուցիոնալ համակարգը և իրավական ռեժիմը, ներդնել հայաստանյան իրադրությանն ամենից համահունչ համակարգ:

Առանձին դրույթների վերաբերյալ որոշումներ ընդունելիս կարևորվել է ռիսկայնության աստիճանը և արդյունավետության ապահովման խնդիրը: Այս նույն երկու գործոններով պայմանավորված, 50-ից ավել կառավարությունների, քաղաքացիական հասարակության գլոբալ կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտում նշված է, որ եթե քաղաքական ազդեցություն ունեցող անձանց դեպքում բաժնեմասնակցության շեմ չի դիտարկվում (նույն ռիսկայնության գործոնով պայմանավորված), ապա մյուս դեպքերում իրական սեփականատերերի սահմանման, այդ թվում շեմի չափի մասին որոշումը կայացվում է յուրաքանչյուր ազգային մակարդակում: Սա արվել է առավել հստակ, ոչ վերացական համակարգեր կառուցելու նպատակադրումից: 2016թ. Ստանդարտի այս դրույթները անփոփոխ մնացին 2019թ. հունիսին նոր ստանդարտի ընդունմամբ ևս:

Շեմեր սահմանելու հիմնավորվածության մասին է վկայում նաև Հայաստանում նախագծի մշակման ներառական գործընթացը, որում անմիջական մասնակցություն են ունեցել կառավարության, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի, ոլորտի մասնավոր ընկերությունների, առանձին մարմինների (Կենտրոնական Բանկ, Էթիկայի հանձնաժողով) ներկայացուցիչները: 

Միջազգային ստանդարտներ և այլ երկրների փորձ՝ շեմեր և փաստացի իրավիճակ

Արդյունավետության նույն այդ պատճառաբանությամբ շեմեր սահմանված են ոչ միայն արդյունահանող ճյուղերին վերաբերող ԱՃԹՆ ստանդարտով, այլև ավելի ընդհանուր միջազգային կանոնակարգերով, ինչպիսիք են Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի՝ (ՖԱԹՖ) միջկառավարական անկախ մարմնի հրահանգը կամ ԵՄ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարական: Մեր կողմից շուրջ 30 եվրոպական երկրների օրենքների և օրենսդրական նախագծերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջիններս հաստատել են 25% սեփականատիրության շեմ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Լատվիան, Սլովակիան, Ոկրաինան, Լեհաստանը, Շվեդիան և այլն: 2015թ. ընդունված ԵՄ 4-րդ դիրեկտիվը փոփոխելիս ակտիվորեն քննարկվում էր սահմանված 25% շեմն իջեցնելու գաղափարը, սակայն 2018թ. ընդունված 5-րդ դիրեկտիվում այդ շեմը մնաց անփոփոխ՝ հիմք ընդունելով ԵՄ զարգացած երկրների կողմից նման ռեգիստր ստեղծելու դժվարությունները: ԵՄ տասնյակ երկրներ ամբողջովին չեն ապահովել ԵՄ դիրեկտիվով սահմանված  բարեփոխումները 2018թ. համար սահմանված վերջնաժամկետում:

Այդուհանդերձ, ուսումնասիրելով փաստացի իրավիճակը, ակնհայտ է, որ անգամ զարգացած ինստիտուցիոնալ համակարգեր ունեցող երկրների համար ռեգիստրի ներդրումը լրջագույն մարտահրավեր է Հայաստանից  կրկնակի բարձր շեմերի սահմանման դեպքում:

Թրանսփարենսի ինթերնեյշնլը 2018թ. հրապարակած ուսումնասիրության մեջ եզրակացրել էր, որ նույնիսկ Մեծ քսանի պետությունները բավական դանդաղ քայլերով են առաջ գնում ոլորտում ներդրման բարդություններից ելնելով, իսկ որոշ առաջատար զարգացած երկրներ առանձին ցուցանիշներով ստացել են նվազագույն գնահատականներ:

ԵՄ օժանդակությամբ կատարված ուսումնասիրության համաձայն որոշ երկրների շեմեր ցածր են (Կյուրասաո, Պորտուգալիա), բայց վերջնական շահառուների օրենսդրությունը արդյունավետ չէ: Ուրուգվայը և Կոստա Ռիկան  սահմանել են 25%-ից պակաս շեմ, սակայն տվյալները հրապարակային չեն: Եվրոպական երկրների ճնշող մեծամասնության մոտ հիմնական տվյալների մեծ մասը նույնպես հրապարակային չէ կամ լավագույն դեպքում տրվում է գրանցված դիմումատուի պատճառաբանված նամակի հիման վրա: 2019թ. ապրիլի 4-ին Դանիայի ներկայացված օրենդրական փաթեթը ևս այդպիսին է, Մեծ Բրիտանիայում ԻՍ-երը ունեն իրենց տվյալները չհրապարակելու պահանջի ներկայացման իրավունք: Ավելին, այնտեղ օրենքով հնարավոր է իրավիճակ, երբ ընկերությունը չի ներկայացնում շահառուի մասին տվյալներ: Նման դեպքերը մեր օրենսդրությամբ մենք բացառել ենք: Այլ երկրներում հրապարակայնության սահմանափակումները հիմնավորվել են թե՛ անձնական տվյալների պաշտպանության խնդրով, թե՛ ռեսուրսների անհամաչափ ծախսի և թե՛ վարչարարական բեռի անհամաչափ ավելացմամբ: Իսկ տվյալները Հայաստանում լինելու են հանրության համար առավելագույնս բաց՝ անվճար հիմքով, բացառելով միայն անձնական տվյալների հրապարակումը:

Ինտեր-ամերիկյան զարգացման բանկի կողմից վարկավորվող 26 պետություններից գրեթե բոլորի օրենքներում  կան սահմանված շեմեր: Ընդ որում,  այն երկրներում, որտեղ օրենքով շեմ չկա սահմանված (Բոլիվիա, Էլ Սալվադոր, Պերու) իրական կյանքում շատ ավելի դժվար է սահմանել և գտնել վերջնական շահառուներին:

Այն երկրները, որտեղ շեմ չկա սահմանված օրենքով կամ օրենքի նախագծով, Նիգերը, Նիգերիան, Բուրկինա Ֆասոն և Տոգոն էին, արդյունավետ ԻՍ ռեգիստրի վերաբերյալ որևէ վկայություն չկա: