«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-208-24.06.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով են հարկվում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության շրջանակներում ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման և այլ ռազմական նշանակության ապրանքների՝

1) ներմուծման կամ մատակարարման համար թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար անհրաժեշտ վառելանյութի մատակարարումը և աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի ծառայությունների մատուցումը.

2) ներմուծման կամ մատակարարման հետ ուղղակիորեն կապված՝ բեռնման, բեռնաթափման աշխատանքների կատարումը:

Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ նշված ապրանքների ներմուծման կամ մատակարարման համար թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար անհրաժեշտ վառելանյութի մատակարարման և աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի ծառայությունների մատուցման, ինչպես նաև այդ ապրանքների ներմուծման կամ մատակարարման հետ ուղղակիորեն կապված՝ բեռնման, բեռնաթափման աշխատանքների կատարման դեպքերում ԱԱՀ-ի մասով արտոնություններ նախատեսված չեն: Այս առումով, հաշվի առնելով ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և մատակարարման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջանում նշված հարցը կարգավորել օրենքի ուժով:

Շարադրվածի կապակցությամբ հայտնում ենք, որ, թեև օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման մեջ առկա են որոշակի անորոշություններ, այդուհանդերձ, ենթադրվում է, որ հարցը վերաբերում է կազմակերպությունների կողմից օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների մասով ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ կիրառելուն: Այս առումով՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) արդեն իսկ նախատեսված են համապատասխան կարգավորումներ՝ բեռների միջազգային փոխադրումների մասով ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ կիրառելու համար: Մասնավորապես, օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 4-րդ կետի համաձայն` բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը հարկվում է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով: Նույն կետի կիրառման իմաստով՝

ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում Հայաստանի Հանրապետության տարածքում,

բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.

2) 8-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով է հարկվում նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի՝

ա. լցավորման համար անհրաժեշտ վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների կողմից սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարումը,

բ. սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, փոխադրման ընթացքում ուղևորներին ծառայությունների մատուցումը.

3) 9-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով է հարկվում այն միջնորդական ծառայությունների մատուցումը, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են նույն մասի 8-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը:

Միաժամանակ՝ օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից կատարվում են մի քանի տեսակի աշխատանքներ և (կամ) մատուցվում են մի քանի տեսակի ծառայություններ, և մի տեսակի աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը մյուս տեսակի աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ, ապա օժանդակ աշխատանքների կատարման կամ օժանդակ ծառայությունների մատուցման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների կատարման կամ հիմնական ծառայությունների մատուցման վայրը։

Հաշվի առնելով շարադրվածը՝ հայտնում ենք, որ բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը, միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար անհրաժեշտ վառելանյութի մատակարարման ու սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, միջազգային երթուղիներով փոխադրվող բեռների սպասարկման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումն օրենսգրքի համաձայն արդեն իսկ հարկվում են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով:

Ելնելով շարադրվածից՝ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման հիմնավորմամբ նկարագրված խնդիրներն արդեն իսկ լուծված են օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում, և, հետևաբար, օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: