«ՖԻԶԻԿԱԿԱՆ   ԱՆՁԱՆՑ   ԲԱՆԿԱՅԻՆ   ԱՎԱՆԴՆԵՐԻ   ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔԻ   ՆԱԽԱԳԾԻ   (Խ-219-07.07.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Օրենքի նախագծով առաջարկվում է տարանջատել ավանդատուներին՝ ըստ ռեզիդենտության, և ոչ ռեզիդենտ ավանդատուների համար երաշխավորված ավանդի չափը սահմանել ավելին, քան ռեզիդենտ ավանդատուներինը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծում քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները.

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն՝ երաշխավորում է ֆիզիկական անձանց բանկային ավանդները՝ անկախ նրանց ռեզիդենտության կամ քաղաքացիության չափանիշից։ Օրենքը մշակվել է միջազգային լավագույն փորձի և միջազգայնորեն ճանաչված` Ավանդները երաշխավորողների միջազգային ասոցիացիայի և Բազելյան կոմիտեի կողմից համատեղ մշակված՝ Արդյունավետ ավանդների երաշխավորման համակարգի հիմնարար սկզբունքների հիման վրա:

Վկայակոչված հիմնարար սկզբունքների 8-րդ սկզբունքը (Principle 8 Coverage) ամրագրում է, որ երաշխավորված ավանդների ծածկույթը չպետք է տարբերվի` պայմանավորված ավանդատուի ռեզիդենտությունից կամ քաղաքացիությունից:

Վկայակոչված սկզբունքը Հայաստանի Հանրապետության ավանդների երաշխավորման համակարգի անկյունաքարերից է և նպատակ ունի ապահովելու ֆինանսական համակարգից օգտվող սպառողների շահերի պաշտպանությունը` հավասարության սկզբունքի հիման վրա: Մինչդեռ, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը տարբերակված և նույնիսկ խտրական մոտեցում է նախատեսում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ավանդատուների նկատմամբ` նախապատվությունը տալով ոչ ռեզիդենտ ավանդատուներին:

Բացի այդ անձի նկատմամբ տարբերակված, խտրական վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից (Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443, 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224, 2008 թվականի ՍԴՈ-731 որոշումներ)՝ հանգում ենք հետևյալին՝

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները.

- Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից:

Նմանատիպ իրավական դիրքորոշումներ հայտնել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (տես, մասնավորապես, Stec and Others v. the United Kingdom [GC], nos. 65731/01 and 65900/01, § 51, ECHR 2006-VI ¨ Carson and Others v. the United Kingdom [GC], no. 42184/05, ECHR 2010).

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես, նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):

Ելնելով շարադրվածից՝ հայտնում ենք, որ առանց օբյեկտիվ և ողջամիտ չափանիշի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ավանդատուների համար երաշխավորված ավանդների տարբեր չափեր սահմանելը չի կարող հիմնավորված համարվել:

Հարկ ենք համարում նաև նշել, որ, անկախ ամեն ինչից, օրենքի նախագծով հիմնավորված չէ այն դատողությունը, ըստ որի՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդների երաշխավորման չափերի բարձրացումն ակնհայտորեն կհանգեցնի այդ անձանց կողմից ավանդ ներդնելուն: Այսինքն՝ օրենքի նախագծով ուսումնասիրված և գնահատված չէ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության բանկերում ավանդ ներդնելու վարքագիծը՝ կախված երաշխավորման չափերից: Հաշվի առնելով այն, որ, օրինակ, պետության կողմից ամբողջովին երաշխավորված պետական պարտատոմսերի պարագայում առկա չէ ոչ ռեզիդենտ անձանց կողմից նշված պարտատոմսերի նկատմամբ առանձնապես ակտիվ պահանջարկ: Ընդ որում, կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումն իր «խտրական» տարրով կարժանանա ռեզիդենտ անձանց բացասական արձագանքին և կարող է հակախթան հանդիսանալ այդ անձանց կողմից ավանդի ներդրման շահագրգռվածության հարցում և դրանով իսկ՝ խոչընդոտ հանդիսանալ՝ ներքին խնայողությունները ներդրումների վերածելու տեսանկյունից: