«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈ­ՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0)   ՎԵՐԱԲԵՐՅԱԼ    ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ


                                     
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առա­ջար­կությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխու­թյուն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:   
         1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ լուսավորման, մաքրման, նոսրացման և անցումային հատումները խնամքի հատման հիմնական տեսակներ են:      
         2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենսգրքի 4֊րդ հոդվածը հստակ սահմանում է անտառային հողերի սեփականության ձևերը: 
         3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումն ընդունելի չէ, քանի որ պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների իրականացում չի թույլատրվում:      
         4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններն ընդունելի չեն, քանի որ համաձայն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտպանական նշանա­կության անտառներում արգելվում է անտառվերականգնման հատումների իրականա­ցումը, իսկ համաձայն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հատուկ նշանակության անտառներում արգելվում են անտառօգտագործման այնպիսի ձևերը, որոնք չեն համա­պատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին։     
         5. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ ըստ էության՝ խնամքի հատումը միևնույն միջանկյալ հատումն է կամ դրա տեսակը:     
         6. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ լուսավորության, մաքրման, նոսրացման, անցումային հատումները խնամքի հատ­ման տեսակներ (փուլեր) են:
         Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրա­գիրը հաստատելու մասին»  N 650 – Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում՝ 2019 թվա­կանի նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Նախարարության մշակած նախագծում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի մի շարք հոդվածներ փոփոխ­վել են, մի մասն էլ ուժը կորցրած է ճանաչվել։    
         Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:        
         Ելնելով վերը շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ ՀՀ անտառային օրենսգրքի գործող հոդ­ված­ները թողնել անփոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրա­դառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախա­ձեռնության քննարկումների շրջանակներում: