«ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ԱՆՏԱՌԱՅԻՆ    ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ (Պ-254-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ


        
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առա­ջար­կությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխու­թյուն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-254-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:   
        1. Նախագծի 1-ին հոդվածն անընդունելի է, քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, պաշտպա­նա­կան նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը, իսկ համաձայն 12-րդ հոդվածի 2-րդ մասի` հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:      
        2. Նախագծի 2-րդ հոդվածն ընդունելի չէ, քանի որ լուսավորման, մաքրման, նոս­րացման և անցումային հատումներն իրենցից ներկայացնում են խնամքի հատման հիմ­նա­կան տեսակները և իրականացվում են' արտադրական, պաշտպանական և հատուկ նշանակության (բացառությամբ պետական արգելոցների) անտառներում:    
        Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրա­գիրը հաստատելու մասին»  N 650-Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակում։ Նախարարության կողմից մշակված նախագծում Հա­յաս­տանի Հանրապետության անտառային օրենսգրքի մի շարք հոդվածներ փոփոխվել են, մի մասն էլ ուժը կորցրած է ճանաչվել։     
        Նախարարության կողմից շրջանառվող նախագծում նախատեսվում է օգտագործել «խնամքի հատում» եզրույթը, չնայած նրան, որ այն հանդիսանում է միջանկյալ հատման տեսակ:  
        Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:        
        Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առա-ջարկում է նախագծով քննարկվող Անտառային օրենսգրքի գործող հոդվածը թողնել ան­փոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկա­յում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում: