«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՆՏԱՌԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-253-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ                       

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առա-ջարկությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-253-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:           

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխություններն ընդունելի չեն, քանի որ՝           

1) խնամքի և սանիտարական հատումները հանդիսանում են միջանկյալ հատման տեսակներ, որոնց իրականացման կարգերն արդեն սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշմամբ.     

2) «խնամքի, սանիտարական» բառերից հետո լրացվող «անտառվերականգնման կամավոր ընտրողական» հատումն անտառավերականգնման հատման ձև է, որի կիրարկման դրույթները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշմամբ։ Անտառավերականգնման հատումն արդեն իսկ հստակ նշված է օրենսգրքի նույն հոդվածում:           

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 650-Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակում։ Նախարարության կողմից մշակված նախագծում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի մի շարք հոդվածներ փոփոխվել են, մի մասն էլ ուժը կորցրած են ճանաչվել։ Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:          

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող Անտառային օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկա-յում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:          

Օրենքի նախագծի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմ-բերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1412-Ն որոշման մեջ։