«ՊԵՏԱԿԱՆ  ՆՊԱՍՏՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-257-14.08.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքի նախագծով առաջարկվում է առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում յուրաքանչյուր նոր ծնված երեխային տալ ծննդյան միանվագ տարբերակված նպաստ` երկրորդ երեխայի կարգաթվով սահմանված միանվագ նպաստի կրկնապատիկի  չափով:

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ պետական նպաստը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Օրենքով սահմանված են նաև պետական նպաստների տրամադրման նպատակները։

Ակնհայտ է, որ նշված նպատակների շրջանակներում որևէ կատեգորիայի անձանց տրվող պետական նպաստի չափի ցանկացած ավելացում դրական է ազդելու այդ անձանց սոցիալական վիճակի վրա։

 Ըստ այդմ՝ յուրաքանչյուր այդպիսի բարձրացում (փոփոխություն) պետք է դիտարկել պետական նպաստների ոլորտում վարվող քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով առաջնահերթությունները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ծախսարդյունավետությունը։

Շարադրվածի կապակցությամբ կարծում ենք, որ լրացուցիչ քննարկման կարիք ունի առաջարկվող փոփոխության բովանդակությունը՝ փոխկապակցված պետական նպաստների տրամադրման նպատակներին։

Մասնավորապես, երեխայի ծննդյան միանվագ նպաստը նախ և առաջ միտված է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ինչը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, իսկ այդ նպաստի՝ որոշակի ծախսեր հատուցելու կամ ընտանիքի կենսամակարդակի բարձրացման գործառույթներն ավելի շատ ածանցյալ են։

Հարկ ենք համարում նշել, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի ոլորտում ցանկացած փոփոխություն պետք է բխի նշված մոտեցումներից՝ նախ և առաջ ներազդելով ընտանիքի (անձի) վերարտադրողական վարքագծի վրա։

Առաջարկվող փոփոխությունը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ ընտանիքի (անձի) վերարտադրողական վարքագծի վրա։

Հաշվի առնելով շարադրվածը՝ անընդունելի ենք համարում թե առաջարկվող արտոնությունը երկվորյակներ ծնվելու դեպքերի վրա տարածելը, թե առաջին ծննդաբերության ժամանակ այն կիրառելը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում և ըստ անհրաժեշտության նախատեսվում է վերանայել գործող ծրագրերը։

Տեղին է նշել նաև, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար իրականացվող աշխատանքների շրջանակներում ներկայումս քննարկվում է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելու հարցը՝ այն երեխայի ծննդյան կապակցությամբ առաջացող միանվագ ծախսերի հետ համադրելի դարձնելու նպատակով։

Ամփոփելով՝ ասենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագծի ընդունումը գտնում է ոչ նպատակահարմար: