«ՊԵՏԱԿԱՆ  ՆՊԱՍՏՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-258-14.08.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է կանանց՝ յուրաքանչյուր ծննդաբերությունից հետո պետական պատվերի շրջանակներում պարտադիր տրամադրել հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ, որը ներառում է մայրական կաթի որակի, Ca  և D վիտամինների, արյան հետազոտությունները և  կրծքի սոնոգրաֆիա կամ մամոգրաֆիա: Հավաստագիրը տրամադրվում է մինչև յուրաքանչյուր ծննդաբերության հետծննդյան շրջանի ավարտը, որն ուժի մեջ է մտնում հետծննդյան շրջանի ավարտի օրվան հաջորդող օրը և գործում է մեկ տարի  ժամկետով: Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագծի մշակման հիմք են հանդիսացել մայրերի հետ կատարված քննարկումները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով ստորև ներկայացված հանգամանքները՝

1) ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվող ծննդկանի առողջության պահպանման միանվագ նպաստի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ ըստ էության առաջարկվում է մշակել և կյանքի կոչել առողջապահական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելով օրենքի նախագծով առաջարկվող հետազոտություններ։ Հարկ է նշել, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Ըստ այդմ առաջարկվող ծրագրի հետ կապված հարաբերությունները չեն կարող հանդիսանալ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա.

2) մայրերի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքները չեն բխում ապացուցողական բժշկության թեզերից: Բացի դրանից, հստակ չէ, թե հատկապես ինչ հիմքերով են ընտրվել նշված լաբորատոր-գործիքային հետազոտությունները: Ապացուցողական բժշկագիտությամբ հիմնավորված և հստակ արդյունքային ցուցանիշների առկայության դեպքում պետք է սահմանվի ծայրահեղ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ցանկ՝ հաշվի առնելով հետծննդյան շրջանում կանանց առավել հաճախ հանդիպող հիվանդությունների և ախտաբանական վիճակների վերաբերյալ վերջին առնվազն երեք տարվա տեղեկատվությունը, ինչը թույլ կտա համապատասխան հաշվարկների հիման վրա տալ ֆինանսական գնահատական.

3) օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվող ծնելիության մակարդակի բարձրացման կապակցությամբ հայտնում ենք, որ ծնելիությունը դեմոգրաֆիկ ցուցանիշ է՝ կախված սոցիալական, տնտեսական ցուցանիշներից, բնակչության տարիքասեռային կազմից, և առողջապահական բաղադրիչը որոշիչ չէ.

4) օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի զգալի ավելացում, որի չափը որոշել հնարավոր չէ՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված: