ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-266-02.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

                                       
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է քննչական բաժնի պետին ներառել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում՝ որպես առանձին դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտ, ում որոշումների, գործո-ղությունների կամ անգործության դեմ կարող են բողոքներ ներկայացվել դատարան կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:      
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ.      
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի    193-րդ հոդվածում սահմանված են քննչական բաժնի պետի լիազորությունները, որոնք ըստ բնույթի դասակարգվում են կազմակերպաիրավական և դատավարական լիազորությունների: Այսպես, քննչական բաժնի պետի կազմակերպաիրավական լիազորությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում. դրանք են՝     
1) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա քննիչին, գործն իրեն ենթակա մի քննիչից հանձնում է մյուսին.        
2) հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.   
3) իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ. 
4) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա մի քանի քննիչի:        
Նշված լիազորությունների բովանդակությունից հետևում է, որ դրանք ներքին աշխատանքային բնույթ են կրում և չեն դասվում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքին:         
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի    193-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված են քննչական բաժնի պետի դատավարական լիազորությունները: Այսպես, նշված հոդվածի համաձայն քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցելու իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարելու նախաքննությունը՝ օգտվելով քննիչի լիազորություններից: Այսինքն, նշված քրեադատավարական  կարգավորումներից հետևում է, որ քննչական բաժնի պետը քրեական վարույթի շրջանակներում կարող է հանդես գալ որպես քննիչ: Հետևաբար, քննչական բաժնի պետը դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումներ ընդունելիս կամ գործողություններ կատարելիս ունի քննիչի կարգավիճակ, որը ձեռք է բերում՝ քրեական գործն իր վարույթ ընդունելով:     
Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում խոսքը գնում է այնպիսի որոշումների և գործողությունների մասին, որոնք ոչ թե կազմակերպաիրավական, այլ դատավարական բնույթ են կրում: Այդ նկատառումներից ելնելով՝ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում համապատասխան սուբյեկտների շարքում չի ներառել քննչական բաժնի պետին, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, նախաքննություն կատարելիս քննչական բաժնի պետը հանդես է գալիս որպես քննիչ:  
Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: