ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-216-03.07.2019,06.09.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Այսպիսով, Օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված են տրանսպորտում, ճանապարհային տնտեսության և կապի բնագավառում վարչական իրավախախտումները: Նշված գլխում առկա մի շարք իրավախախտումներ, համաձայն Օրենսգրքի, քննում են վարչական հանձնաժողովները: Մասնավորապես, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են օրենսգրքի 10-րդ գլխում ներառված 117-րդ հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134.1-րդ, 135-րդ, 141-144-րդ, 146-րդ, 149-151-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ վարչական հանձնաժողովներ այլևս չեն գործում, նախ պարզ չէ, թե վերոհիշյալ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար որ սուբյեկտը պետք է պատասխանատվության ենթարկի իրավախախտում թույլ տված անձին, և հետևաբար նաև պարզ չէ, թե նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը վարչական կարգով բողոքարկելու դեպքում որ մարմին կամ որ վարչական մարմնի վերադաս վարչական մարմին է բողոքը ներկայացվելու:

Օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված՝ 148-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են ՀՀ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ օրենսդրությամբ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմիններ այլևս չեն գործում, հետևաբար այս դեպում նույնպես խնդիր է առաջանում հիշյալ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու և ըստ այդմ նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը՝ վարչական կարգով վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին բողոքարկելու տեսանկյունից:

Բացի այդ, օրինակ, Օրենսգրքի 10-րդ գլխում ներառված 124.7-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար, որպիսի իրավախախտման համար պատասխանատվության ենթարկող սուբյեկտը, համաձայն Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մարմինն է՝ համապատասխան համայնքի ղեկավարը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք), ուստի խնդիր կարող է առաջանալ համայնքի ղեկավարի վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկելիս իրավասու վարչական մարմնի որոշման հարցում:

Վերը նշվածից պարզ է դառնում, որ Օրենսգրքի 10-րդ գլխի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով բացակայում են արդյունավետ բողոքարկման մեխանիզմները կամ միանշանակ չէ վերջիններիս առկայության հարցը:

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ իրավունքների իրականացման համար Նախագծով նախատեսված՝ վարչական ակտը պարտադիր կերպով վերադասության կարգով բողոքարկելու պարտականությունը՝ իրավունքների ու պարտականությունների փոխադարձության, համարժեքության և դրանց արդյունավետ իրացման տեսնկյունից խնդրահարույց է: Առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է վերանայել՝ անհատական մոտեցում ցուցաբերելով Օրենսգրքի 10-րդ գլխի հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր իրավախախտման համար՝ ապահովելով արդյունավետ վարչական բողոքարկման հնարավորությունը, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ բացառել դատական բողոքարկման սահմանափակումը համապատասխան իրավախախտումների համար:

1.1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ լրացվել է վարչական ակտի դեմ ներկայացված բողոքի քննության ժամկետների վերաբերյալ դրույթներ: Այս առումով գտնում ենք, որ հիշյալ դրույթներն անհրաժեշտ է նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 291-րդ հոդվածում՝ այն լրացնելով հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոքները քննվում են դրանց ստացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:»:

1.2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին հոդվածով շարադրվող հոդվածի վերնագրից առաջ լրացնել «Հոդված 287.» բառերը:

1.3. Նախագծի 1-ին հոդվածով շարադրվող 287-րդ հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մաին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

1.4. Նախագծի 1-ին հոդվածով շարադրվող 287-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության մեջ «սույն մասով» բառերը խմբագրել՝ հստակեցնելով կատարված հղումը:

2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածում: Նկատի ունենալով, որ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով լրացում է կատարվում օրենսգրքի 3-րդ հոդվածում՝ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները նախատեսել առանձին հոդվածի տեսքով: