«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱ­­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

 Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­­գրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեսչական մարմինների մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վար­չական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաս­տանի Հանրապետու­թյան կառավարության առա­ջար­կու­թյունը:

  1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքում փոփոխություն­ներ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) վերնագրում «փոփոխություններ և լրացում» բառերը փոխարինել «փոփո­խու­թյուններ» բառերով.

2) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխա­տանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

 «Հոդված 33. Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերա­հսկողությունը

  1. Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրա­վունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխա­տանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկո­ղությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչա­կան մարմին)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ։».

3) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից, 250-րդ հոդ­վածի 3-րդ մասից, 260-րդ հոդվածի 2-րդ մասից, 262-րդ հոդվածից հանել «աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան լիազորած՝ վերահսկողություն իրականացնող» բառերը:».

4) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»:

Տեսչական մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականություններն առանձին օրենքով սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով այն, որ տեսչական մարմինների լիազորությունները սահմանվում են համապատասխան ոլորտային օրենքներով, իսկ տեսչական մարմինների իրավական վիճակը, դրանց ստեղծ­ման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման և գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարա­բերություններ կարգավորված են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքով։

  1. Առաջարկվում է «Տեսչական մարմինների մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել նախագծերի փաթեթից՝ հետևյալ հիմնավորմամբ.

Նախագծի 1-ին հոդվածով «Տեսչական մարմինների մա­սին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարվող լրացմամբ տես­չական մարմիններին վերապահվում է ուսումնասիրությունների իրականացման լիազո­րու­թյուն, մինչդեռ գործող օրենսդրությամբ սահմանված չեն ուսումնասիրության իրակա­նացման հիմքերն ու մեխանիզմները։ Օրենսդրական կարգավորումների բացակա­յու­թյան պայմաններում տեսչական մարմնին ուսումնասիրություն իրականացնելու լիազո­րություն վերապահելով՝ այդ մարմնին կտրվի հայեցողության և տնտեսավարող սուբ­յեկտի գործունեությանը միջամտելու բավական լայն շրջանակ։ Ուստի, այս համա­տեքստում ուսումնասիրություն իրականացնելու լիազորության սահմանումը դիտարկում ենք ոչ նպատակահարմար։ Հետագայում, հաշվի առնելով տեսչական մարմինների վերա­հսկողության ոլորտների առանձնահատկությունները, տվյալ տեսչական մարմնին ուսում­­նասիրության կամ վերահսկողական բնույթի այլ լիազորություն վերապահելու անհրա­ժեշտության հիմնավորումները, այդ լիազորությունները կնախատեսվեն համապատաս­խան ոլորտային օրենքներով՝ հստակ սահմանելով ուսումնասիրության իրականացման հիմքերը, կարգը և իրավական հետևանքները։

«Տեսչական մարմինների մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդ­վածը 1.1-ին կետով լրացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ տեսչական մարմինը վարչական մարմին է և լիազորված է հարուցել վարչական վարույթներ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի։

  1. «Վար­չական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի վերաբերյալ.

 1) 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 41-րդ հոդվածում լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 41-րդ հոդվածը.

2) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.6-րդ հոդվածով.

«Հոդված 41.6. Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը

Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ աշխատանքի ընդունելը կամ աշխատանքում ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանք­ներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշա­նակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհար­յու­րապատիկի չափով:».

3)  3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենսգրքի 421-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 42.1.         Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենս­դրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտո­նատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կող­մից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնա­րարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգում­ների, ուսումնասիրությունների կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:».

4)  4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրու­թյան նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սույն օրենսգրքի 41.1-41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5, 47.7- 47.13-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (առողջապահության ոլորտում և աշխա­տանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար), 96.1-ին, 152-րդ, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5-րդ, 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչա­կան տույժեր է նշանակում առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենս­դրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:».

5) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»:

Միաժամանակ՝ հայտնում ենք նաև, որ աշխատանքային օրենսդրության պահանջ­ների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ վերահսկողության համա­կարգի ներդրումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրա­պետության կառավարության ծրագրով, իսկ այդ նպատակով համապատասխան իրավա­կան ակտերի նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչա­պետի աշխատակազմ ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկով, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում:

Նախագծերում աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ վերա­հսկողությունն առաջարկվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից՝ հաշվի առնե­լով այն հանգամանքը, որ փոփոխությամբ էապես աճելու է Առողջապահական և աշխա­տանքի տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը, իսկ ներկայում տեսչական մար­մինը չի տիրապետում աշխատանքի վերահսկողության համար բավարար ֆինանսական և կադրային ռեսուրսների, ինչպես նաև չունի բավարար տեխնիկական հագեցվածություն։

Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն­ներ և լրացումներ կատարելու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվա­կանի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 1071-Ա որոշումներում: