«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ          

          «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 88-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «միանձնյա գործադիր մարմնի» բառերը` միաժամանակ օրենքի 88-րդ հոդվածը լրացնելով 6-րդ մասով, համաձայն որի միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:       Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է իր դիտարկումները:   
          «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի գործող խմբագրության     88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը:        
          Այսինքն՝ գործող կարգավորմամբ բաժնետիրական ընկերության ժողովն է իր հայեցողությամբ լուծում միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագիրը: Ընդ որում՝ նկատենք, որ օրենքը չի կոնկրետացնում միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագրի բնույթը (քաղաքացիակա՞ն, թե՞ աշխատանքային պայմանագիր):        
          Նախագծի համաձայն, ըստ էության, կանխորոշվում է միանձնյա գործադիր մարմնի հետ կնքվելիք պայմանագրի բնույթը, այն է՝ աշխատանքային:  
          Մեր կողմից կատարված՝ աշխատանքային և քաղաքացիականիրավական պայմանագրերի առանձնահատկությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ աշխատանքային պայմանագրի կնքումն առավել ձեռնտու է միանձնա գործադիր մարմնին: Սակայն ծագում է հարց, թե ինչքանով է աշխատանքային պայմանագրի կնքումը բխում ընկերության շահերից:    
          Այս կապակցությամբ պետք է նշել, որ թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշման համաձայն՝ բաժնետիրական ընկերության և վերջինիս միանձնյա գործադիր մարմնի՝ տնօրենի միջև կնքված պայմանագիրն իր բնույթով զուտ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված աշխատանքային պայմանագիր չէ, քանի որ այն չի կնքվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված գործատուի և աշխատողի միջև, սակայն կարող է պարունակել նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող կարգավորումներ՝ հաշվի առնելով, որ բաժնետիրական ընկերության ֆիզիկական անձ գործադիր մարմնի և ընկերության միջև հարաբերություններում առկա են նաև աշխատանքային հարաբերությունների տարրեր: 
          Բացի այդ, ընկերությունն ու միանձնյա գործադիր մարմինը պետք է ազատ լինեն ինքնուրույն որոշելու իրենց միջև կնքվելիք պայմանագրի իրավական բնույթը. նրանց չպետք է զրկել այդ պայմանագիրը որպես քաղաքացիաիրավական նախատեսելու հնարավորությունից, որտեղ պայմանագրի կողմերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով, օժտված են պայմանագրի պայմանները որոշելու ավելի մեծ հայեցողությամբ:   
          Այն դեպքերում, երբ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագիրը կպարունակի նաև քաղաքացիաիրավական պայմանագրին բնորոշ տարրեր, կողմերն ազատ կլինեն որոշելու իրենց միջև պայմանագրային հարաբերությունների դադարեցման կարգը՝ չկաշկանդվելով աշխատանքային իրավունքի նորմերով: Կարծում ենք՝ այս մոտեցումը բխում է ինչպես միանձնյա գործադիր մարմնի առանձնահատուկ կարգավիճակից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2016 թվականի ՍԴՈ 1316 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումից, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով»: Ինչպես արդեն նշվել է, նման առանձնահատկություն է առկա «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածում: Այս հոդվածի 5-րդ մասն ըստ էության նախատեսում է բացառություն ընդհանուր կանոնից:»:   
          Նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է, որ որպես օբյեկտիվ հիմք պետք է դիտել այն հանգամանքը, որ օրենքը բաժնետիրական ընկերության ժողովին տրամադրել է հայեցողական բնույթի բավականին մեծ ազատություն՝ նկատի ունենալով երկու հանգամանք. այն, որ վերջինս պետք է օժտված լինի տնտեսական գործունեության ազատությամբ ու ազատ տնտեսական մրցակցության ապահովմամբ, և որ բաժնետիրական ընկերության տնօրենն ունի առանձնահատուկ կարգավիճակ. ի տարբերություն աշխատանքի շուկայում առկա այլ իրավահարաբերություն-ների, որտեղ, որպես կանոն, կատարված աշխատանքի գնահատման չափանիշն աշխատանքի որակն է, բաժնետիրական ընկերությունների միանձնյա գործադիր մարմնի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների աշխատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնահատողն ընկերության բաժնետերերն են: 
          Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտված է նաև թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, ըստ որի՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի   5-րդ կետով ամրագրված դրույթը ձևակերպված է այնպիսի բավարար ճշգրտությամբ, որը թույլ է տալիս անձանց դրան համապատասխանեցնելու իրենց վարքագիծը, այն է՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել դրա գործողությունը: Այլ կերպ ասած՝ բաժնետիրական ընկերության հետ կնքելով պայմանագիր՝ տնօրենը կարող է և պետք է կանխատեսի ընկերության կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորության առկայությունը: Հետևաբար, տվյալ դեպքում պետք է գործի այն կանխավարկածը, որ ստանձնելով ընկերության գործադիր մարմնի պաշտոնը, ֆիզիկական անձ տնօրենն արդեն իսկ տալիս է իր համաձայնությունն իր հետ կնքված պայմանագիրը ցանկացած պահի լուծելու վերաբերյալ»:        
          Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է եզրահանգել, որ «Բաժնետիրական ընկերու-թյունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը չի հակասում աշխատանքային օրենսդրությանը, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ավելին՝ հաշվի առնելով կազմակերպության գործադիր մարմնին տրված լայն լիազորությունների շրջանակը՝ պետք է ընկերության ժողովին հնարավորություն տրվի ցանկացած ժամանակ դադարեցնելու գործադիր մարմնի լիազորությունները:         
          Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: