«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-284-13.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ    

                  
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Գույքի նկատմամբ իրա­վունք­ների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է, որ դեռևս տեղական ինքնակառա­վարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառի գործառույթներն իրա­կանացվում են ոչ լիարժեք, չեն պահպանվում փաստաթղթերի, այդ թվում շինության ավարտական ակտին ներկայացվող պահանջները, մասնավորապես կատարողական փաս­տաթղթերը: Ուստի նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը համա­րում ենք ժամանակավրեպ: 
Բացի դրանից, կարծում ենք, որ նոր ստեղծված շինության նկատմամբ իրա­վունքների պետական գրանցման համար նախատեսված շինության նախագծի ներկա­յացման պահանջը պետք է հանվի միայն այն դեպքում, երբ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և Կադաստրի կոմիտեի ղե-կա­վարի հրամանով հաստատված ձևի հատակագիծը կդիտվի որպես շինարարության ավարտի ակտի հավելված (անբաժանելի մաս):      
Վերոգրյալով պայմանավորված՝ իրավունքների պետական գրանցման համար շի­նության նախագծի օրենքով սահմանված պահանջը գործող իրավակարգա­վո­րում­ների պայմաններում հիմնավորված է:         
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Կադաստրի կոմիտեի ներկա­յաց­մամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մա­յիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշումը: Նախա­տես­վում է, որ ինտեգրված կադաստրի բաղկացուցիչ մաս է հանդիսանալու քաղաքա­շի­նական կադաստրը, որը ներառելու է նաև համայնքների գոտևորման սխեմաները: Կադաստրի կոմիտեում ներկայումս աշխատանքներ են տարվում ինտեգրված կա­դաստրի ստեղծման և ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա առանձին ճյուղերի, այդ թվում՝ քաղաքաշինական ոլորտում կառավարման խնդիրների լուծման ժամանակ համապատասխան մարմիններին տրամադրելու համակարգված և հավաս­տի տարածական տեղեկատվություն, որի հիման վրա էլ կիրականացվի իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Բացի դրանից՝ հայտնում ենք նաև, որ քաղաքաշինական փաստաթղթերը կենտրոնացված թվայնացված տարբերակով պահ­պանվում են միայն Կադաստրի կոմիտեի արխիվում:       
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող փոփո­խությանը կարելի է անդրադառնալ ինտեգրված կադաստրի ներդրումից հետո:       
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյունն առաջարկում է վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու դրույթը՝ նախատեսելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: