«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-307-04.10.2019-ՊԻ-011/0)  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

        

                  
         «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով (Պ-307-04.10.2019-ՊԻ-011/0) առաջարկվում է՝
         1) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) 31-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ.        
         «1. Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածքում են գտնվում առանց թույլտվության՝ պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման՝ ներկայանան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:».
         2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 329-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.       
         «3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում «Փախստականների և ապաս-տանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ:»:       
         Նախագծերով առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ ընդունելի են, այդուհանդերձ, ունենք որոշ դիտարկումներ.        
         1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ. 
         1) նախ հարկավոր է նշել, որ կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից ուղղակիորեն գալու պահանջ նախատեսելը խնդրահարույց է: Հնարավոր են դեպքեր, երբ անձը ոչ թե ուղղակիորեն գա իր կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից, այլ Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործի որևէ միջանցիկ երկիր օգտագործելով: Օրինակ, Սիրիայից Հայաստան գա ոչ թե ուղղա-կիորեն, այլ սկզբում ժամանի Իրաք, հետո՝ Իրան, այնուհետև ապօրինի մուտք գործի Հայաստանի Հանրապետություն: Նման անձանց նկատմամբ քննարկվող խրախուսական նորմը կիրառելու համար անհրաժեշտ է, որ նախագծում չսահմանվի իր կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից ուղղակիորեն գալու պահանջը.  
         2) նախագծով առաջարկվող կարգավորումից բխում է, որ խրախուսական նորմը կիրառվում է՝         
         ա. փախստականների նկատմամբ,    
         բ. այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր գալիս են այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: 
         Այսպիսի հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծում օգտագործվում է «ինչպես նաև» շաղկապը, ուստի, «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մաս):         
         Այս առումով օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կյանքի կամ ազատության համար վտանգավոր երկրից գալու պայմանը միայն ապաստան հայցողների համար նախատեսելը կարող է իրավակիրառ պրակտիկայում չարաշահումների տեղիք տալ:   
         Նախագծի կարգավորումների պայմաններում ստացվում է, որ խրախուսական նորմը կկիրառվի այն փախստականի նկատմամբ, ով իր կյանքի կամ ազատության համար անվտանգ երկրում ստացել է նման կարգավիճակ, ինչից հետո ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն:       
         Այլ կերպ՝ փախստականը չի գալիս իր կյանքի կամ ազատության համար վտանգ ներկայացնող երկրից, սակայն նրա նկատմամբ կիրառվում է խրախուսական նորմը, ինչն արդարացված չէ: Հարկ է նշել, որ այս դեպքը տարբերվում է սույն առաջարկության 1-ին կետում նկարագրված դեպքից, որի ժամանակ անձը միջանցիկ երկիրն օգտագործում է միայն Հայաստանի Հանրապետություն հասնելու համար:
         Գտնում ենք, որ քննարկվող կատեգորիայի անձանց նկատմամբ խրախուսական նորմը նույնպես պետք է կիրառվի միայն այն դեպքերում, երբ նրանք գալիս են իրենց կյանքի կամ ազատության համար վտանգ ներկայացնող երկրից:      
         Այդպիսի մոտեցումը չի հակասում կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին:
         Ելնելով շարադրվածից՝ առաջարկում ենք նախագծում «փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների» բառերը փոխարինել «այն փախստականների և ապաստան հայցողների» բառերով.   
         3) նախագծում օգտագործվում է առանց թույլտվության ձևակերպումը, մինչդեռ, ինչպես օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի գործող խմբագրությունում, օգտագործվում է առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ձևակերպումը:    
         Միևնույն հարաբերությունները կարգավորող իրավական նորմերում հասկացությունների նույնականությունն ապահովելու համար առաջարկում ենք նախագծում առանց թույլտվության բառերը փոխարինել առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության բառերով.   
         4) նախագծում օգտագործվում է «ներկայանան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին» ձևակերպումը, որը խնդրահարույց է այն առումով, որ իրավակիրառ պրակտիկայում որպես Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ ներկայանալու դեպք կարող է չդիտվել, օրինակ, Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելուց հետո Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանություն իրականացնող ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներին ներկայանալու դեպքը:   
         Առաջարկվող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ նշված անձինք ենթակա են քրեական պատասխանատվության, քանի որ ներկայացել են ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներին:    
         Այսպիսով, միայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ ներկայանալու սահմանափակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ և անհամաչափորեն սահմանափակում է խրախուսական նորմի գործողության շրջանակը:  
         Բացի դրանից, խնդրահարույց է նախագծում «ներկայանան» բառի օգտագործումը:       
         Որպես կանոն, նախագծում նշված անձինք բռնվում են Հայաստանի Հանրապե-տություն ապօրինի մուտք գործելուց անմիջապես հետո պետական սահմանի պահպա-նություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների կողմից՝ չհասցնելով անձամբ ներկայանալ իրավասու մարմիններ:         
         Նման դեպքերում ստացվում է, որ անձը չի ներկայանում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ, ուստի, նրա նկատմամբ խրախուսական նորմը ենթակա չէ կիրառման, և անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:    Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող խրախուսական նորմը, պայմանավորված դրա գործողության շրջանակներում գտնվող սուբյեկտների առանձնահատկությամբ, պետք է կիրառվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելուց հետո չեն կարողացել ներկայանալ իրավասու մարմիններ՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելուց հետո անմիջապես բռնվելու հետևանքով:       
         Ամփոփելով շարադրվածը՝ առաջարկում ենք օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.       
         «1. Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում այն փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր, գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին  մասի իմաստով, մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության՝ պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման՝ ներկայանան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն մասով նախատեսված անձինք բռնվել են Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելուց անմիջապես հետո, և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:»:        
         2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.     Օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 329-րդ հոդվածի համաձայն՝      
         «1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝ (…)   
         2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ (…)         
         3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն:»:   
         Հարկավոր է նշել, որ օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը հանդիսացող առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելն առկա է ինչպես Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում:    
         Ներկայումս գործող օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասի խրախուսական նորմից բխում է, որ դրա գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու դեպքերի վրա:
         Մինչդեռ նախագծով առաջարկվող կարգավորումից բխում է, որ այդ հոդվածի գործողությունը (և՛ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, և՛ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերում) չի տարածվում փախստականների, ինչպես նաև (և) այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ուղղակիորեն գալիս են այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր սույն օրենքի    6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
         Ստացվում է, որ նախագծի դեպքում խրախուսական նորմի գործողությունը տարածվում է և՛ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, և՛ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի վրա, քանի որ դրանում նախատեսված չէ գործողությունը միայն Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու դեպքով սահմանափակելու վերաբերյալ դրույթ: Նախագծով հղում է կատարվում միայն օրենքով նախատեսված անձանց և ոչ թե օրենքով նախատեսված դեպքերի վրա:     
         Նման մոտեցումը չի բխում կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասով ստանձնած պարտավորությունից:    
         Ամփոփելով շարադրվածը՝ նշենք, որ անհրաժեշտ է օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվող խրախուսական նորմի գործողությունը սահմանափակել միայն Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու դեպքերով:     
         Հաշվի առնելով շարադրվածը և այն, որ նախագծում առաջարկվող օրենքի     28-րդ հոդվածի 1-ին մասում միաժամանակ խոսքը վերաբերում է քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքերին, առաջարկում ենք օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  «3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր, գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, տարածք են մուտք գործում՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության՝ պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման՝ ներկայանան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն մասով նախատեսված անձինք բռնվել են Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելուց անմիջապես հետո, և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի հիմնավոր պատճառը:»: