«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇ­­ՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ­ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-315-10.10.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

  

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­ձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է կատարել լրա­ցում «Պետական պաշտոններ և պետա­կան ծառայության պաշտոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդ­վա­ծի 4-րդ մասում և կոչման հավելավճար նախա­տեսել նաև դատական կարգադրիչների համար:

Միաժամանակ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դատական կարգա­դրիչների համար կոչման  հավելավճար չնախատեսելու հանգամանքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձա­տրու­թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետա­կան պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբա­ղեցնող անձանց վարձա­տրու­թյան հիմնական սկզբունքների խախտում է, բացի դրանից դատական կարգադրիչների ծառայությունում կոչումը չի կատարում բարոյահոգեբանական և նյութական խթանի դեր:

Այդ կապակցությամբ հայտնում ենք՝

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահման­ված սկզբունքները չեն բովանդակում կոչման կամ դասային աստիճանի համար հավելա­վճարներ վճարելու վերաբերյալ դրույթներ: Ավելին, չնայած կոչումների շնորհումն առաջին հերթին հատուկ է զինվորական ծառայությանը, նշված օրենքով զինծառայողներին և նրանց հավասարեցված քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչումների համար հավելավճար չի նախատեսվել:

Բացի դրանից, հարկ է նկատել, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն  դատական կարգադրիչին (բացառու­թյամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների) դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչումը շնորհվում է պաշտոնի նշանակ­ման հետ միաժամանակ (եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայու­թյան ավելի բարձր կոչում): Այսինքն, այն ոչ թե աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդ­կային և մասնա­գի­տական բարձր հատկա­նիշ­ների համար խրախուսման միջոց է, ինչպես որոշ ծառայու­թյուն­ներում, այլ, որպես պաշտոնի զբաղեցման պարտադիր պայման, շնորհ­վում է բոլոր դատա­կան կարգադրիչներին (բացա­ռությամբ բարձրագույն պաշտոնների):

Հարկ է նշել նաև, որ նմանատիպ կարգավորում առկա էր նաև քաղաքացիական ծառայության համակարգում, որը վերանայվեց 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքով. նշված օրենքն ուժի մեջ մտնելու պահից դասային աստիճաններ չեն շնորհվում քաղա­քա­ցիական ծառայողներին (բացառությամբ ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթա­խմբերի), և դրան համապատասխան հավելավճարներ չեն նախատեսվում:  Քաղա­քա­ցիա­­կան ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին դասային աստիճանը շնորհվում է որպես խրախուսանքի միջոց:

Այսինքն, հանրային ծառայության կառավարման ներկայումս վարվող քաղաքականու­թյամբ լրացուցիչ աշխատավարձի այս տեսակը վերանայվում է: Հետևաբար, պետական ծա­ռա­յության մի տեսակում համապատասխան երաշխիքը հանելու դեպքում մեկ այլ ծառայու­թյունում նույն իրավիճակում նախատեսելն անհավասար պայմաններ կստեղծի երկու ծա­ռայու­թյուններում ծառայողների համար:

Հիմնական աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայության ստաժի հաշ­վարկ­ման խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ, ինչպես պետական այլ ծառայություն­ներում (բացառությամբ զինվորական ծառայության, քրեկատարողական և փրկարար ծառայու­թյան), դատական կարգադրիչների ծառայությունում ևս հիմնական աշխատավարձը հաշվարկվում է համապատասխան պաշտոնում ունեցած ստաժի հիման վրա:

Հարկ ենք համարում նշել նաև, որ նախա­­գծի ընդու­նումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 98.0 մլն դրամի չափով:

Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ներկայումս հանրային կառավարման բարե­փո­խումների ռազմավարության նախագծի շրջանակում քննարկվում են հանրային ծառայող­ների շահադրդման այլ պայմաններ: