«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ   ՆԱԽԱԳԾԻ (Պ-329-28.10.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-329-28.10.2019-ԱՍ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝         
          1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 23-րդ մասը լրացնել 7-րդ կետով, որի համաձայն բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար գրանցում չի պահանջվում: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումներն արդեն իսկ ամրագրված են օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով, որի  համաձայն՝ ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվում ֆիզիկական անձանց անունով ներմուծվող դեղերի համար: Ուստի, գտնում ենք, որ նշված լրացման անհրաժեշտությունը չկա, քանի որ նախագծի 1-ին հոդվածով նախատեսված դրույթներն օրենքի 16-րդ հոդվածի 23-րդ մասի կարգավորման առարկան չեն՝ նկատի ունենալով այն, որ նշված հարաբերությունները չեն վերաբերում ներմուծվող դեղերի գրանցմանը:
          2. Նախագծի 2-րդ հոդվածում հստակեցվում է «ֆիզիկական անձինք» հասկա-ցության բովանդակությունը, այն է՝ «Ֆիզիկական անձինք, սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին համապատասխան», իսկ նախագծի 3-րդ հոդվածում  նշվում է «օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձանց» մասին: Այդ առումով պարզ չէ՝ նախագծով առաջարկվող կարգավորումը վերաբերում է «օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձանց», թե ընդհանրապես «ֆիզիկական անձանց»: Նշված դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներից:        
          3. Համաձայն նախագծի 3-րդ հոդվածի՝ օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաև՝ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով մեկ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի հաճա-խականությամբ ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվում: Իսկ, համաձայն նախագծի 4-րդ հոդվածի,  նախատեսված դեղերի ներմուծման կարգն ու քանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախատեսված փոփոխությունների նպատակը ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավորումներում փոստային առաքանիներով ֆիզիկական անձանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի ներմուծման հետ կապված առկա որոշակի հակասությունները և անհամապատասխանությունները վերացնելն է, քանի որ ֆիզիկական անձը, օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս, կարող է ներմուծել դեղեր՝ բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատա-կով, այնինչ  հնարավորություն չունի փոխադրողի կամ միջազգային փոստային առաքումների միջոցով այդ դեղերը ներմուծել: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն, օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի գրանցված կամ չգրանցված դեղերի ներմուծման կամ արտահանման թույլատվության կարգն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշմամբ, որով արդեն իսկ կարգավորված են փոստային առաքանիների միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեղեր ձեռք բերելու հետ կապված հարաբերությունները:      
          Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծով առաջարկվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 22-ի N 202-Ն որոշմամբ, ուստի, առաջարկում ենք նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: 
          Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում մշակվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Նախագծի հեղինակն իր կողմից բարձրացված հարցերին կարող է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվելիք «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: