«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-362-13.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (օրենսգիրք) 76-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, համաձայն որի` սահմանվելու են տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչների վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքներ: Տվյալ նորմը վերոհիշյալ հոդվածում նախատեսելը, ըստ էության, տեղին չէ, քանի որ դրա կարգավորման առարկան այլ է: Այսպիսի նորմ առանձին հոդվածի տեսքով պետք է նախատեսել օրենսգրքի մեկ այլ 11-րդ գլխում, որի կարգավորման առարկան անձանց քրեական դատավարությանը մասնակցելուց ազատելու կամ նրանց բացարկելու հետ կապված իրավահարաբերություններն են:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվել է նվազեցնել անչափահասների հարցաքննության ժամկետները, դրանք սահմանելով հետևյալ համամասնությամբ` մինչև 7 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 30 րոպեից, իսկ օրվա ընթացքում` մեկ ժամից ավելի: 7-14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ մեկ ժամից, իսկ օրվա ընթացքում` երկու ժամից ավելի:

Օրենսգրքի 205.1-ին հոդվածի համաձայն՝ «1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:

Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումն արդյունավետ չի կարող լինել պայմանավորված այն հանգամանքով, որ նման կարճ ժամկետների սահմանման դեպքում հնարավոր են դեպքեր, երբ վարույթն իրականացնող մարմինը ստիպված պետք է լինի մի քանի օր անընդմեջ անչափահասին կանչել հարցաքննության, ինչն անչափահասի հոգեբանական ճնշման ավելի մեծ վտանգ է պարունակում: Բացի այդ, քննարկվող կարգավորման պայմաններում տվյալ քննչական գործողությունը կարելի է ի սկզբանե ձախողված համարել այն հաշվառմամբ, որ տակտիկական առումով քննիչը նախ զրուցում է երեխայի հետ` վերջինիս հուզող հարցերի շուրջ, իսկ ավելի ուշ, երբ քննիչի և անչափահասի միջև ստեղծվում է հոգեբանական կոնտակտ սահուն անցում է կատարում բուն հարցաքննությանը: Սա նշանակում է, որ 30 րոպեում քննիչն ուղղակիորեն չի կարող հոգեբանական կոնտակտ հաստատել անչափահասի հետ, իսկ անմիջապես հարցաքննությանն անցնելը հնարավոր է  ավելի մեծ բացասական ազդեցություն ունենա անչափահասի վրա:

Միաժամանակ հաշվի առնելով անչափահասների խոցելի խմբին պատկանելու հանգամանքը՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել հարցաքննության տևողությունը սահմանող հոդվածում՝ նախատեսելով, որ օրվա մեջ անչափահասի հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել չորս ժամը:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարել հոգեբանի կամ սոցիալական աշխատողի մասնակցությամբ: Հարկ է նշել, որ նախագծում առաջարկվող իրավակարգավորումների տեքստից պարզ չէ, թե որ մասնագետներ են համարվելու սոցիալական աշխատող և ինչ  խնդիրներ է լուծելու նրանց մասնակցությունը հարցաքննությանը, ինչն ակնհայտ է հոգեբանի պարագայում: Ուստի, առաջարկում ենք բացառել սոցիալական աշխատողի մասնակցությունը մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությանը:

Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող 207-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասում «հարցեր է տալիս» բառերը հարկ է փոխարինել «կարող է հարցեր տալ» բառերով՝ սահմանվող իրավունքի հայեցողական իրացման հնարավորությունն ապահովելու համար:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ քննչական գործողության, այդ թվում՝ հարցաքննության, յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ծանոթանալ  իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը և իր գործողությունների, քննչական գործողության ընթացքի, բովանդակության և արդյունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք նշվում են արձանագրության մեջ՝  նպատակահարմար չենք համարում  նաև նախագծով առաջարկվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  207-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասով նախատեսված կարգավորումը:

Նախագծի 5-րդ հոդվածում հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության  օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-րդ մասին, սակայն հարկ է նշել, որ վերոնշյալ մասը վերաբերելի չէ նախագծի 5-րդ հոդվածի կարգավորման առարկային: Գտնում ենք, որ հղում պետք է կատարվի նույն հոդվածի 6-րդ մասին:     

Առաջարկում ենք նաև նախագծի 5-րդ հոդվածից հանել անչափահաս տուժողի և կասկածյալի կամ մեղադրյալի անմիջական հանդիպումներն արգելելու վերաբերյալ կարգավորումը, քանի որ վերոնշյալ հոդվածի առաջին պարբերությամբ նշված հարցն արդեն իսկ կարգավորված է: Մասնավորապես սահմանվել է, որ անչափահաս տուժողի մասնակցությամբ առերեսումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում իրականացվելու են միջնորդավորված՝ տեսաձայանագրառման և տեխնիկական այլ միջոցների օգնությամբ՝ դրանով իսկ բացառելով առերեսման ժամանակ անչափահաս տուժողի և կասկածյալի կամ մեղադրյալի անմիջական հանդիպումը:

Առաջարկում ենք նաև նախագծի 6-րդ հոդվածում նախատեսված կարգավորումների, մասնավորապես, 341-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունում« և ցուցմունքներ» բառերը փոխարինել «կամ տալ ցուցմունքներ»  բառերով:

Անհրաժեշտ ենք համարում նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի միասնական տերմինաբանությունն ապահովելու համար նախագծում գործածված «տեսաձայնագրում» բառը փոխարինել «տեսաձայնագրառում» բառով: