«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-381-19.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաս­տանի Հանրապետության կառավարության առա­ջար­կու­թյունները «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահ­մանա­դրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

  1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է տեղում ստորագրու­թյուն­ների հավաքի կազմակերպումն իրականացնել բացի օրենքով արդեն իսկ սահմանված վայրերից՝ օրենքով չարգելված այլ վայրերում: Որպես տվյալ լրացման հետ կապված փոփոխություն՝ նախագծով առաջարկվել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 16-րդ մասից հանել այն դրույթը, որի համաձայն տեղում ստորա­գրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ:

Վերոգրյալ փոփոխության և լրացման հետ կապված՝ գտնում ենք, որ դրանք հղի են տեղում ստորագրությունների հավաքման օրինականության ապահովման լուրջ սպառնալիքներով, քանի որ Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորա­գրությունների վավերականությունը հաստատում է Հայաստանի Հանրա­պետության կենտրոնական ընտրական հանձնա­ժողովը:

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն տեղում ստորագրելու դեպքում ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկն ստորագրում և հանձնվում է ստորա­գրություն­ների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձևաթեր­թիկն ստորագրվում է էլեկտրոնային նույնականացման եղանակով: Այսինքն, 16-րդ մասի այն դրույթը, որի համաձայն տեղում ստորագրությունների հավաքումն իրականացվում է հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, միտված է ստորագրությունների հավաքման ժամանակ չարաշահումների կանխարգելմանը, մասնավորապես, այլ անձի փոխարեն ստորագրելը, այլ անձի անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կանխելուն:  Այսինքն, գործող կարգավորումն ուղղված է տեղում ստորագրությունների իսկության ստուգման իրականացմանը։

Մինչդեռ, նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրա­պետության կենտրո­նական ընտրական հանձնա­ժողովը գործնականում հնարավորություն չի ունենա իրա­կանացնելու Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրության 204-րդ հոդվածով, ինչ­պես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով նախա­տեսված իր՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու պարտակա­նու­թյունը: Այսինքն, գործնականում անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրա­պետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի ստորագրու­թյուն­ների վավերականությունը, եթե դրանք վերցված լինեն ցանկացած վայրից՝ առանց հանրային ծառայողի մասնակ­ցության:

Ինչ վերաբերում է «օրենքով չարգելված վայրերում» ստորագրությունների հավաքի առաջարկին, ապա գտնում ենք, որ այդ պարագայում անհրաժեշտ է նախագծով սահ­մանել «օրենքով չարգելված վայրերը»։

  1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրաքվեի մասին» սահմանա­դրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Թերությունների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրա­պետության կենտ­րոնական ընտրական հանձնա­ժողովն անհապաղ տեղեկացնում է քաղաքացիական նա­խաձեռնության լիազոր ներկայացուցչին և տրամադրում 10 աշխատանքային օր՝ հայտ­նաբերված թերությունները վերացնելու համար:»:

Կարծում ենք որոշակիորեն անորոշ է «թերություններ» կատեգորիան։ Բացի դրանից, նույնիսկ մեխանիկական թերությունների դեպքում ստորագրությունը պետք է ճանաչվի ոչ վավերական, և չպետք է այն վերացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրվի։

Ինչ վերաբերում է թերությունների մասին «անհապաղ տեղեկացնելուն», ապա գտնում ենք, որ անորոշ է, թե որ պահին պետք է իրականացվի «անհապաղ տեղեկա­ցումը»՝ յուրաքանչյուր թերության հայտնաբերումից, թե բոլոր ստորագրություններն ուսում­նասիրելուց հետո։