ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

                                            Հարգելի պարոն Գալստյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-315-10.10.2019,29.11.2019-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

          «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն բովանդակում դրույթներ կոչման կամ դասային աստիճանի հավելավճարների վերաբերյալ: Ավելին, հաշվի առնելով, որ կոչումների շնորհումը առաջին հերթին հատուկ է զինվորական ծառայությանը, վերը նշված օրենքով զինծառայողներին, ինչպես նաև նրանց հավասարեցված քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին, կոչումների համար հավելավճար չի նախատեսվել:

          2018 թվականի հուլիսի 1-ից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից, դասային աստիճաններ չեն շնորհվում քաղաքացիական ծառայողներին (բացառությամբ ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի), համապատասխանաբար չեն նախատեսվում նաև դասային աստիճանի համար հավելավճարներ, իսկ նախկինում շնորհված դասային աստիճանների համար հավելավճարները տրվում են մինչև պաշտոնի փոփոխությունը: Հարկ է նշել, որ քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ չշնորհելու և դրա համար հավելավճար չվճարելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը գործող կարգավորումներով քաղաքացիական ծառայողների դասային աստիճանները շնորհվում էին պաշտոնի նշանակվելու հետ միաժամանակ և այն հանդիսանում էր քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ, և նույնիսկ իր պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի վճարումը արդյունավետ խրախուսման միջոց չի հանդիսացել:

          Հարկ է նկատել, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ դատական կարգադրիչին շնորհվում է համապատասխան կոչում դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների): Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Հետևապես, հիմնավորված չէ որակավորման որևէ տարբերվող հատկանիշ չենթադրող կոչման համար հավելավճարի տրամադրումը,   կամ  հանրային ծառայության մի խմբին համապատասխան երաշխիքից զրկելու պարագայում մեկ այլ խմբի համար նման երաշխիքի սահմանումը, առավել ևս, որ քաղաքացիական ծառայության համակարգում հավելավճարները տրամադրվում էին ավելի բարձր որակավորման համար:

          Հաշվի առնելով նաև, որ Նախագծով ներկայացված առաջարկությունը աշխատավարձի բարձրացման նպատակ է հետապնդում,  ընդունելի չենք համարում հանրային ծառայության ոլորտում աշխատավարձի հատվածային լուծումները, որոնք խարխլում են աշխատանքի վարձատրության գործող համակարգը, անհավասար պայմաններ են առաջացնում հանրային ծառայողների տարբեր խմբերի համար, միաժամանակ պետության համար լրացուցիչ ֆինանսական բեռ են առաջացնում: Բացի այդ, նմանօրինակ ձևով աշխատավարձի բարձրացումը, աշխատողի խրախուսման համար կարճաժամկետ արդյունք է ունենում, ուստի, այս տեսանկյունից ևս, առաջարկությունը ընդունելի չէ:

          Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հանրային ծառայողների խրախուսմանն ուղղված միջոցառումները քննարկվում են համակարգային ձևով Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի շրջանակներում, որի մեկ գլուխն ամբողջությամբ վերաբերում է  հանրային ծառայության գրավչության բարձրացմանը: Վերջինս նախատեսում է սոցիալական երաշխիքների լայն շրջանակ բոլոր հանրային ծառայողների համար: Դրան զուգահեռ քննարկվում է նաև հանրային ծառայողների հիմնական աշխատավարձի բարձրացման հարցը:

          Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ ներկայացված բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև հանրային ծառայության տարբեր տեսակներ ունենալու նպատակահարմարության հարցը, այդ թվում նաև՝ դատական կարգադրիչների ծառայության առանձին տեսակ ունենալու հարցը, հետևաբար այս պարագայում ևս ծառայության այդ տեսակի համար արտոնություններ նախատեսելը ճիշտ չէ:

          Վերոգրյալով պայմանավորված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը դատական կարգադրիչներին կոչման համար հավելավճար նախատեսելու վերաբերյալ ընդունելի չենք համարում:

Այդուհանդերձ, ներկայացված Նախագծում անհրաժեշտ է

- վերնագրից հանել «փոփոխություններ» բառը,

- «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով.

- առաջադրված դրույթը ձևակերպել հոդվածի տեսքով.

- նախատեսել  օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ:

         

Հարգանքով՝                         էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ