«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-417-10.12.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենսգրքի 98-րդ և 106-րդ հոդվածներում՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձին ներկայացվող պահանջներից հանելով՝ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, ինչպես նաև վերջիններիս և Վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն համարել նաև հետբուհական, լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում իրավունքի դասավանդումը:

 Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդելու պահանջը սահմանափակում է այն գիտական աստիճան ունեցողների ընդգրկման հնարավորությունը, որոնք դասավանդել են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպությունում կամ ունեն ընդհանուր պահանջներին համապատասխան՝ տվյալ պարագայում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն՝ զուգահեռ չզբաղվելով դասախոսությամբ: Բացի այդ, կան կազմակերպություններ, որոնք առավել նեղ մասնագիտական կրթական ծրագիր են իրականացնում, սակայն չեն հանդիսանում բարձրագույն հաստատություն օրենքում տրված հասկացության իմաստով, ինչպես օրինակ՝ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ը և «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունը:

Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

«5. Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածում, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն է բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը:»:

Նույն օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը (այսուհետ՝ գիտական աստիճան ունեցող հավակնորդ), որը բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:»:

 Նույն օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝

«3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել` իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:»:

Նույն օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝

«3. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝ իրավագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող և առնվազն 10 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:»:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«1.6) լրացուցիչ կրթությունը (ուսուցումը)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն է, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս»:

1.4) ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցումը)՝ կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի»:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ուսումնական հաստատությունների տիպերն են` (...)

4) բարձրագույն մասնագիտական.

5) լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.

6) հետբուհական մասնագիտական կրթության:»:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հետբուհական մասնագիտական կրթության նպատակը բարձրագույն մասնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումն է:

2. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, օրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական օրդինատորի կրթական ծրագրերով:»:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝

«1. Լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են անձի ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական և անձնական կրթական պահանջմունքները բավարարելու նպատակով և համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց։

3. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման և կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել։

(...)»:

 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝

«3) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն.

4) լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն.»:

Վերոգրյալ կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանված են բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների տիպեր, որոնք կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ կարող են իրականացվել նաև ոչ ուսումնական հաստատություններում, մինչդեռ բովանդակային առումով առկա են որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, եթե հետբուհական մասնագիտական կրթությունը` բարձրագույն մասնագիտական կրթության հենքի վրա բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, օրդինատուրայում իրականացվող մասնագիտական կրթություն է, ապա լրացուցիչ կրթությունը՝ մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն է, որը սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի: Հետևաբար՝ նախագծով նախատեսված կարգավորումները՝ դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձանց համար լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում իրավունքի դասավանդումը մասնագիտական աշխատանքի փորձառություն համարելու մասով, հիմնավորված չէ և չի բխում «Կրթության մասին» և  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների պահանջներից:

Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված այն փաստարկներին, որ «կան կազմակերպություններ, որոնք առավել նեղ մասնագիտական կրթական ծրագիր են իրականացնում, սակայն չեն հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպես օրինակ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ և «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունը», ապա այս առումով հարկ է նշել, որ վերջիններիս կողմից կրթական, այդ թվում՝ վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ծրագրերի իրականացումը նախատեսված է նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով, հետևաբար առաջարկում ենք դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն համարել ոչ թե առհասարակ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում իրավունքի դասավանդումը, այլ իրավունքի դասավանդումը կոնկրետ «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և «Հայաստանի «Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունում:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ նախագծի 1-ին հոդվածով նախատեսված վերոհիշյալ փոփոխության արդյունքում (106-րդ հոդվածում կատարվող փոփոխության մասով) հակասություն է առաջանում նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված  կարգավորման միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ հոդվածով նախատեսվում է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձին ներկայացվող պահանջներից հանել վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդելու պահանջը: Հետևաբար այս առումով նախագծի 1-ին հոդվածի դրույթներն անհրաժեշտ է խմբագրել:

Անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությանը՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձին ներկայացվող պահանջներից՝ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդելու կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելու պահանջը հանելու մասով, հայտնում ենք հետևյալը.

Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվող անձանց՝ գիտական աստիճան ունենալու և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդելու կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելու միաժամանակյա պահանջների առկայությունը պայմանավորված է դատական իշխանության անկախության ապահովման տեսանկյունից դատավորների ընտրության կամ նշանակման համակարգի էական նշանակությամբ և կարևորությամբ, հետևաբար այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի դատավորներին ներկայացվող մասնագիտական և կրթական համապատասխան պահանջներին բավարարելու գործոնը հստակ արտահայտված լինի բոլոր դատական ատյաններում։

Դատավորի կարգավիճակի եվրոպական խարտիայի (1998) 2.1 պարագրաֆով սահմանված է, որ դատավորների ընտրության կամ նշանակման գործընթացը կարգավորող կանոնները պետք է մշակվեն` հաշվի առնելով թեկնածուների` անկախ և անաչառ կերպով իրավական խնդիրներ լուծելու և մարդկային արժանապատվությունը հարգելու միջոցով օրենքը կիրառելու կարողությունը: Բացի այդ, դատավորի թեկնածուն պետք է ի վիճակի լինի կիրառել օրենքը, այսինքն` քաջատեղյակ լինի ինչպես օրենսդրությունից, այնպես էլ դրա կիրառական պրակտիկայից: (Դատավորի կարգավիճակի մասին եվրոպական խարտիայի բացատրական նամակ, կետ 2.1):

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ դատավորի թեկ-նածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվող անձանց՝ ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդելու կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելու կարևորությանը:

Այս առումով կարելի է արձանագրել, որ իրավունքի դասավանդումը  ենթադրում է այդ ոլորտի գիտելիքների յուրացվածության աստիճանի հարաբերակցում գործնականում դրանց կիրառման կարողության հետ և պայմանավորված է վերջինիս մի շարք կարողությունների ձևավորման հանգամանքներով՝  նպատակադրմամբ,  դասավանդման մեթոդիկայի տեսական գիտելիքների կայուն մակարդակի առկայությամբ, ինչպես նաև գործնականում դրանց կիրառման իրազեկությամբ,  մասնագիտական առումով տարբեր իրավիճակների ճիշտ վերլուծության և դրանց գործնական լուծում տալու կարողություններով, ինչն ըստ էության հնարավոր չէ ապահովել  միայն գիտական աստիճան ունենալու պարագայում, հետևաբար դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար չի կարող բավարար լինել զուտ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունենալու հանգամանքը:

Վերոգրյալ կարգավորումների բովանդակային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվող անձանց՝ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդելու կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելու պահանջները բխում են վերջիններիս վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակից:

Միաժամանակ հարկ է նշել, որ դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման նպատակով դատավորների կարողությունների շարունակական զարգացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված  Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրի ռազմավարական ուղղություններից մեկը:

Բացի այդ, իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք հանել նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «փորձառություն է» բառից հետո լրացվում է «համարվում նաև» բառերը՝ ապահովելով օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառության հստակ սահմանումը:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է՝ առաջարկությամբ բարձրացված խնդիրների համատեքստում: