«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-420-12.12.2019-ՏՏԳԲ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակում են տեղեկատվություն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ՝ դրանք ընդունելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության 2-րդ ենթակետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցը լրատվություն իրականացնելու միջոց է, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`

- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

- հեռուստառադիոհաղորդմամբ,

- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից:

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու վերաբերյալ դրույթը առաջարկում ենք հանել, քանի որ անորոշ է, թե ինչ զանգվածային լրատվության միջոցներով պետք է կատարվի հրապարակումը նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ:

Բացի դրանից, պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչպես և ինչ միջոցներով պետք է կատարվի վերը նշված հրապարակման ֆինանսավորումը:        

Նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չունենք:

Սակայն առաջարկում ենք, ոչ թե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով, այլ խնդիրը կարգավորել օրենքի 79-րդ հոդվածում լրացում կատարելու միջոցով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:»:

Ըստ էության, կարգավորվում է Ձեր բարձրացրած խնդիրը, սակայն մեր առաջարկվող տարբերակի դեպքում՝ գաղափարը ձևակերպվում է ավելի հակիրճ և թիրախային, նկատի ունենալով այն, որ դրույթը կիրառվում է անմիջապես համայնքի սեփականության գոյացման աղբյուրները (այդ թվում՝ նվիրատվությունները) թվարկվելուց հետո:

Միաժամանակ, հստակեցման կարիք ունի այն դեպքը, երբ նվիրատվություն (նվիրաբերություն) կատարողի ցանկությամբ այն կարող է չհրապարակվել:

Բացի դրանից, առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասին՝ նախագծի առաջին էջի վերևի աջ անկյունում գրելով «ՆԱԽԱԳԻԾ» բառը: