«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-326-25.10.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից բխում է, որ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը պետք է հաստատվի անձամբ կենսաթոշակառուի կողմից՝ նրա ստորագրությամբ: Հետևաբար, պարզ չէ, թե ինչ ընթացակարգով է բանկի կողմից հեռահար եղանակով հաստատվելու կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը՝ ապահովելով կենսաթոշակառուի ստորագրությամբ նշված փաստի հաստատումը: Թեև նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից հեռահար եղանակով հաստատվելու կարգը սահմանվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,  այնուամենայնիվ, գտնում ենք, որ, առանց օրենքում այդ ընթացակարգի վերաբերյալ որևէ դրույթի ամրագրման, հնարավոր չէ լիարժեք գնահատել առաջարկվող կարգավորման դեպքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերը: Այսպես, օրինակ, եթե հեռահար եղանակը ենթադրում է նաև հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կապի միջոցներով կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի հաստատում, ապա, կարծում ենք, որ վերջինիս համար խնդրահարույց է՝ կենսաթոշակառուի կողմից անձամբ և նրա ստորագրությամբ նշված փաստի հաստատման անհնարինության տեսանկյունից:

Պարզաբանման կարիք ունի նաև «տեղաշարժման խնդիրներ ունեցող կենսաթոշակառու» եզրույթը, քանի որ այն գնահատողական բնույթի է և պետք է հստակեցվի ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլ օրենքով:

 Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորվում է օրենքի հրապարակմանը հաջորդող երեք օրացուցային ամսվա ընթացքում նախագծով առաջարկվող գործընթացն ապահովելու նպատակով իրականացնել համապատասխան փոփոխություններ:

Նշված դրույթը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ լիազորող նորմերի՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջին, քանի որ վերջինից պարզ չէ՝ ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Այդ առումով հարկ է նշել, որ, նախագծի 1-ին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի համապատասխան կարգ:

Ընդունելի համարելով օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման տրամաբանությունը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է, և շուտով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվելու «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով անդրադարձ է կատարվելու օրենքի նախագծով կարգավորվող դրույթին, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասին անձը տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագծով առաջարկվում է այդ մասից հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորությունը: Այսպիսով, առանձին դեպքերում, կենսաթոշակառուին հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բանկ հանձնել (բանկ ներկայացնել) ոչ միայն բանկի տարածքում, այլև, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում իր բնակության կամ փաստացի գտնվելու վայրում:

Ընդ որում, հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգը սահմանելու լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահելը նպատակ ունի ապահովելու հարաբերությունների ավելի ճկուն կարգավորում` հաշվի առնելով խնդրին առնչվող շահառուների փոփոխուն կազմը և այն հանգամանքը, որ այդ հարաբերությունների կողմ են նաև բանկերը, որոնց տեխնիկական հագեցվածության և ծրագրային ապահովության հնարավորությունների հաշվառմամբ կարող է սահմանվել արդյունավետ ընթացակարգ:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունից և վերջինիս անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնության շրջանակներում: