ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-390-26.11.2019,17.01.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Նախագծի այս տեսքով ընդունումն անխուսափելիորեն հանգեցնելու է հարկային վարչարարության բարդությունների: Մասնավորապես, նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 160.1-ին հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Այս առումով, հայտնում ենք, որ Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր: Հետևաբար, գործնականում կլինեն բազմաթիվ դեպքեր, երբ փոխհատուցում ստանալու պահին դեռևս հստակ չի լինելու՝ ֆիզիկական անձը տվյալ հարկային տարում համարվում է ռեզիդենտ, թե ոչ: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական տարին սկսում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից, իսկ ֆիզիկական անձի ռեզիդենտությունը որոշվում է՝ հաշվի առնելով հարկային տարում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում 183 և ավելի օր փաստացի գտնվելու հանգամանքը, լինելու են դեպքեր, երբ ֆիզիկական անձը նույն ուսումնական տարվա մի հատվածում լինելու է ռեզիդենտ, մյուս հատվածում՝ ոչ ռեզիդենտ: Այս դեպքում հարց է առաջանալու, թե եկամտային հարկի վերադարձման համակարգն ինչպես է կիրառվելու:

2) 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն փոխհատուցման իրավունքից վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Կարծում ենք՝ տվյալ նորմում անորոշ է «միայն մեկ անգամ» արտահայտությունն այն առումով, որ պարզ չէ այն ժամանակահատվածը, որի ընթացքում սովորողը կարող է մեկ անգամ օգտվել նախատեսվող արտոնությունից: Մասնավորապես, արդյո՞ք խոսքը գնում է մեկ տարվա ընթացքում մեկ անգամ օգտվելու հնարավորության մասին (մեկ ուսման վարձի մասով), թե ընդհանրապես մեկ անգամ նշված արտոնությունից օգտվելուն:

3) 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը և 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասը բաղկացած է միայն 1-ին և 2-րդ կետերից, գտնում ենք, որ Նախագծի 2-րդ մասի 4-րդ մասից անհրաժեշտ է հանել «1-ին, 2-րդ կետերը» բառերը:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ