«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-455-29.01.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

«Քաղաքացիական օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարա­բերու­թյունների մասնակիցների հավասարության սկզբունքի վրա»:

«Քաղաքացիական օրենսգրքի» 2-րդ հոդվածի  համաձայն՝ 

«2. Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

 «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենքի)  41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը», որը կարող է տրամադրվել օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված սուբյեկտներին և կոնկրետ դեպքերում, որոնց ցանկում չկա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքը: Ավելին՝ օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝

«6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց`

ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).

նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.

եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ»:

Բացահայտելով իրավաբանական օգնության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը՝   Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշման մեջ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (նախկին խմբագրությամբ) 20-րդ հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝  իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ, որակյալ իրավաբա­նական ծառայություն ստանալու հնարավորություն, և երկրորդ, պետության պարտա­կա­նությունը՝ ապահովելու այդպիսի անվճար օգնություն՝ կարիք ունեցող անձանց համար...»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտա­կանությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք…»

Սույն իրավունքի իրացման համատեքսում Մարդու իրավունքների եվրոպական դատա­րանն ընդունել է մի շարք նախադեպային որոշումներ՝  իրավաբանական անվճար օգնության տրամադրումը դիտարկելով որպես արդար դատաքննության իրավունքի իրացման տարրերից մեկը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անվճար իրավա­բանական օգնության տրամադրումը պայմանավորում է գործի հատուկ հանգամանքներով (Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 61, McVicar-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 48): Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք, բոլոր հանգամանքների լույսի ներքո, իրավաբանական օգնության բացակայությունը դիմումատուին կզրկի արդարացի լսումների իրավունքից (նույն տեղում, § 51):

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանում է նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հետևյալ պայմանները ՝

այն արժեքի կարևորությունը, ինչը դիմումատուի համար վտանգված է (Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 61, P.-ն, C.-ն և S.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 100),

համապատասխան օրենքի կամ ընթացակարգի բարդությունը (Airey-ն ընդդեմ Իռլանդիայի, § 24),

 դիմումատուի՝ իրեն արդյունավետորեն ներկայացնելու կարողությունը (McVicar-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, §§ 48-62, Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 61),

 իրավաբանական ներկայացուցչություն ունենալու՝ օրենքով նախատեսված պահանջի առկայությունը (Airey-ն ընդդեմ Իռլանդիայի, § 26, Gnahoré-ն ընդդեմ Ֆրանսիայի, § 41 in fine (վերջում):

Այնուամենայնիվ, նշված իրավունքը բացարձակ չէ և, հետևաբար, կարող է թույլատրելի լինել իրավաբանական օգնություն շնորհելու պայմանների սահմանափակում, մասնավորապես, դատավարության մասնակցի ֆինանսական վիճակի հիման վրա (Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 62):

Այս առումով հարկ է անդրադառնալ նաև հանրային պաշտպանի ինստիտուտի  էությանն ու  դրա ներդրման օրենսդրի նպատակներին: Մասնավորապես, օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում  է, որ իրավաբանական անվճար օգնության տրամադրումն օրենսդիրը նախատեսել է հասարակության խոցելի մասի համար և առավելապես կապել նրանց ֆինանսական դրության հետ: Այսինքն՝ հանրային պաշտպանի ինստիտուտի էությունն անվճարունակ անձանց իրավաբանական օգնություն ստանալու, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման  ապահովումն է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով նախա­գծին՝ հարկ ենք համարում նշել, որ հանրային պաշտպան տրամադրվում է որոշակիորեն խոցելի անձանց, որոնց գործի բնույթը կամ սոցիալական վիճակը կանխատեսում է, որ վերջիններս արդյունավետ չեն կարող իրականացնել իրենց պաշտպանությունը: Մինչդեռ ձեռնարկա­տիրական գործունեությունը շահույթ ստանալու նպատակ հետապնդող, մասնագիտացված գործունեություն է, որի մասնակիցներից պահանջվում է որոշակի պրոֆեսիոնալիզմ, հատկապես եթե վերջիններս ներգրավվում են նաև միջազգային մասնավոր հարա­բերություններին (մասնավորապես, պայմանագրեր են կնքում ԵԱՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտների հետ): Գտնում ենք, որ ինքնին ձեռնարկատիրական գործունեություն իրակա­նացնող սուբյեկտներին հանրային պաշտպանից օգտվելու հնարավորություն տալն է խնդրա­­­հարույց (ինչն էլ սահմանափակվել է գործող օրենքի 6-րդ հոդվածով), հետևաբար ավելի խնդրա­հարույց է օտարերկրյա ռեզիդենտներին նման հնարավորություն տալը հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ գործարարները նման իրավունք չունեն:

Վերոգրյալ կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների վերաբերյալ կարգավորումներ նախատեսող նորմերում պետք է պահպանվի նրանց իրավահա­վասարության սկզբունքը: Մինչդեռ նախագծով նախատեսված կարգավորումը հակասում է նաև քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների իրավահավասարության սկզբունքին, քանզի արտոնություն է սահմանվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա անձանց համար՝ նման հնարավորություն չընձեռնելով քաղաքա­ցիական իրավահարաբերության այլ սուբյեկտներին և Հայաստանի Հանրա­պետության ռեզիդենտ գործարարներին:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ապա դրանցում նույնպես որպես այդ իրավունքի տրամադրման սահմանա­փակում նշվում է անձի ֆինանսական վիճակը՝ այսինքն անձի վճարունակ լինելու փաստը: Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամրագրել է, որ օտարերկրյա իրա­վաբանական անձանց իրավաբանական օգնության տրամադրումը մերժելը չի հակասում 6-րդ հոդվածին (Granos Organicos Nacionales S.A.-ն ընդդեմ Գերմանիայի, §§ 48-53):

Ընդ որում, նախագծով չի հիմնավորում նաև, թե ինչու է այդ իրավունքը տրվում բացառապես ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող՝ մինչև 50 մլն դրամ և արտարժույթով արտահայտված նշված գումարին համարժեք չափին համապատասխանող քաղաքացիաիրավական գործեր ունեցող ԵԱՏՄ մասնակից պետությունների ռեզիդենտ համարվող անձանց՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը միջազգային պրակտիկայում նույնպես ընդունված չէ: Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում անվճար իրավաբանական օգնությունը երաշխավորվում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, կենսաթոշակառուներին,  Ֆրանսիայում իրավաբա­նական աջակցություն ստանալու համար միայնակ ապրող դիմումատուն պետք է ունենա ամսական  936 €-ից պակաս եկամուտ, Իտալիայում իրավաբանական աջակցություն կարող են ստանալ միայն այն անձինք, ովքեր ստանում են տարեկան 10,776 €-ից պակաս եկամուտ, Բելգիայում իրավաբանական աջակցության համար միայնակ ապրող դիմումատուն պետք է ունենա ամսական 942 €-ից պակաս եկամուտ:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: