«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-500-04.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրա­ցումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծով (այ­սու­հետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատա­վարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)՝

1) 282-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ «3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ և 280-րդ հոդվածներով նա­խատեսված՝ քննչական գործողություններ կատարելու, դատավարական հարկա­դրան­քի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) և այն հիմ­նավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան և հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով» (Հոդված 1):

Դեռևս 2019 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդ­վա­ծում կատարվել են փոփոխություններ, որոնցով նախատեսված էր դատա­վարական հար­­կադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները էլեկտրո­նա­յին եղա­նա­կով ուղարկելը: Բաց էր մնացել Հայաստանի Հանրապետության քրեական դա­տա­վարության օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված՝ քննչական գործողու­թյուններ կատարելու մասին միջնորդությունները դատարան և դատախազին ուղարկելու կար­գը էլեկտրոնային եղանակով սահմանելը: Նախագծով առաջարկվում է բացը լրաց­նել.

2) 283-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով՝ «7. Միջնոր­դությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է քննիչին ուղարկվել էլեկտրոնային եղանակով» (Հոդված 2):

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ լրացումը նպատա­կա­ուղղված է նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության թոթափմանը և ան­հար­կի ձգձգումներից խուսափելուն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է քրեական գոր­ծերի քննության շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված կար­գա­վո­րումներ նախատեսելու նախաձեռնությունը: Միաժամանակ հարկ է համարում ընդ­գծել, որ նախագծի հիմնավորումից բխում է, որ նախագծով առաջարկվող կարգա­վո­րում­ները ենթադրում են էլեկտրոնային եղանակով միջնորդության ապահովումն իրա­կա­նացել էլեկտրոնային հասցեների միջոցով: Մինչդեռ էլեկտրոնային հասցեների մի­ջոցով միջ­նորդությունների ներկայացումը կարող է ստեղծել գործնական որոշակի խնդիրներ, մաս­նավորապես՝ պաշտոնական էլեկտրոնային հասցեների բացակայության կամ դրանց միջոցով ներկայացվող միջնորդությունների գաղտնիության հասա­նելի­ու­թյան հետ կապված:

Բացի դրանից, անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կար­գավորմանը,  հարկ է նշել, որ նախագծով սահմանվում է միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը միայն քննիչին էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն: Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հան­րապետության քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հա­մաձայն՝ դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնոր­դու­թյունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստա­նալու համար: Այսինքն՝ միջնորդություն ներկայացվում է ոչ միայն քննիչի, այլ նաև՝ հե­տա­քննության մարմնի և դատախազի կողմից:

Այս առումով գտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածում «քննիչին» բառն ան­հրա­ժեշտ է փոխարինել «վարույթն իրականացնող մարմնին» բառերով՝ նկատի ունե­նա­լով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդ­վածի կարգավորումները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավա­րությունում շրջանառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավա­րու­թյան նոր օրենսգրքի նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է քրեական վարույթն իրականացնել էլեկտրոնային վարման եղանակով և ներդնել էլեկտրոնային արդարա­դատության համակարգը, ինչը գործնականում կլուծի նախագծի հիմնավորմամբ բար­ձ­րացված առկա խնդիրները՝ ամրագրելով առավել համակարգային լուծումներ:

Նախագծում առկա են նաև տեխնիկական բնույթի խնդիրներ: Մասնավորապես՝ նախագծի՝

1) վերնագրի «լրացումներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն և լրացում» բառերով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից.

2) 1-ին հոդվածում «Օրենսգրքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթները.

3) 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ» բառերն ան­հրաժեշտ է փոխարինել «հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառե­րով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդ­վա­ծի դրույթները:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ա­ռա­­­ջարկում է բարձրացված խնդիրների համատեքստում նախագիծը խմբագրել: