ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

 

20 մարտի 2020թ

Հայաստանի Հանրապետության վարչապետ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոնայք,

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասը և 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է գրավոր առաջարկներ Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (կոդ՝ Կ-519) վերաբերյալ.

Ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ «Օրենսգիրք») լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ «Նախագիծ») 1-ին հոդվածում՝

1. Առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ իրավական ակտով են սահմանվում արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները՝ նախատեսելով, որ այդ պահանջները պետք է կրեն իմպերատիվ բնույթ՝ համապատասխան նորմատիվ կամ անհատական իրավական ակտով ընդունված լինելու ուժով։ Այս պահանջը կարող է լրացվել որպես Օրենսգրքի 277.1-ին հոդվածի վերջին մաս՝

«Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրավասու մարմի կողմից ընդունված մեկուսացման կամ ինքնամեկուսացման գրավոր պահանջները խախտելը (…)»։

2. Առաջարկում ենք որևէ եղանակով հստակեցնել «զանգվածային» տերմինը, քանի որ այստեղ առկա է իրավական որոշակիության խնդիր, ինչը մի կողմից՝ խնդրահարույց է հոդվածի սահմանադրականության տեսանկյունից, մյուս կողմից՝ թույլ է տալիս իրավակիրառ մարմնի լայն հայեցողության հնարավորություն, ինչը հատկապես քրեական իրավունքում անթույլատրելի է։

3. Առաջարկում ենք «մարդկանց զանգվածային հիվանդացում» արտահայտության մեջ օգտագործել ոչ թե «հիվանդացում», այլ «վարակում» բառը, քանի որ հիվանդանալը միշտ չէ, որ ենթադրում է վարակում։ «Վարակել» տերմինն այստեղ շատ ավելի տեղին է և հստակ ու սպառիչ նկարագրում է հանցակազմի օբյեկտիվ կողմի համապատասխան տարրը՝ հետևանքը։

4. Առաջարկում ենք սանկցիայի վերին շեմը 5 տարվա փոխարեն սահմանել 3 տարի՝ հաշվի առնելով նաև, որ մեր կողմից ներկայացված առաջարկների դեպքում առավել ծանր պատասխանատվություն կնախատեսվի դիտավորյալ մեղքի ձևի, ինչպես նաև ծանր հետևանքների համար։

5. Նախագծով անտեսվում է մեղքի դիտավորյալ ձևը, ընդ որում՝ որպես լրացում առաջարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը դիտավորությամբ դրևորվելու դեպքում Օրենսգրքի այլ հոդվածներով հնարավոր չէ արարքը հստակ որակել։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք նույն հոդվածում լրացնել նոր մաս, որն ավելի խիստ պատասխանատվություն կնախատեսի նույն արարքը դիտավորությամբ կատարելու համար։

6. Առաջարկում ենք հոդվածը լրացնել արարքը որակյալ դարձնող ևս մեկ մասով։ Մասնավորապես՝ առաջարկում ենք ավելի խիստ պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ արարքի հետևանքով անզգուշությամբ կամ դիտավորությամբ առաջացել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Ընդ որում՝ այստեղ անհրաժեշտ է կիրառել սանկցիայի վերին և ստորին շեմերի համեմատաբար մեծ տարբերություն, որը հնարավորության կտա ավելի խիստ պատասխանատվության ենթարկել սուբյեկտիվ կողմից արարքը դիտավորությամբ դրսևորվելու պարագայում, ինչպես նաև՝ կախված արարքի հետևանքների մասշտաբայնությունից։

Բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Սույն նորմը չի կարող մեկնաբանվել ի վնաս խոսքի ազատության ողջամիտ սահմանների։»։

 

Հարգանքով՝  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ