«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

N

Առաջարկը

(փոփոխությունը, լրացումը)

Հիմնավորում

1

Նախագծի 8-րդ հոդվածում «խորհրդականը» բառից առաջ ավելացնել «հասարակական հիմունքներով» բառակապակցությունը։

 

Ազգային ժողովի խմբակցությունը քաղաքական մարմին է, որի քաղաքական բնույթ կրող աշխատանքներն իրականացնելու համար հանրային միջոցներով վարձատրվող խորհրդականի հաստիք ավելացնելը հիմնավորված չէ՝ անկախ բյուջեի վրա ունեցած ազդեցությունից։ Փոխարենը առաջարկում եմ նախատեսել հասարկական հիմունքներով նման հաստիք խմբակցության կամ խմբակցության ղեկավարի համար։

 

 

2

Օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ունենալու չորս օգնական, որոնցից մեկը վճարովի, իսկ մյուս երեքը՝ հասարակական հիմունքներով»:

Ազգային ժողովի պատգամավորի ներկայացուցչական, օրենսդիր և վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը ենթադրում է առնվազն մի քանի աշխատակիցներից բաղկացած գրասենյակի առկայություն։ Միջազգային փորձի ուսումնասիրութունը ևս փաստում է, որ ընթացիկ կարգավորումը խիստ սահմանափակող է պրոֆեսիոնալ աշխատանքի կազմակերպման համար։ Այդուհանդերձ, այս փուլում առաջարկվում է ընդամենը ավելացնել հասարակական հիմունքներով օգնականների թիվը՝ առանց լրացուցիչ բյուջետային պարտավորություններ նախատեսելու։

 

3

Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ.

«Արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով գումարված հատուկ նիստի, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման դեպքերում մշտական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովում հանդես է գալիս հանձնաժողովի դիրքորոշմամբ, եթե այն նախապես քննարկվել է այդ հանձնաժողովում, և դրա մասին առկա է հանձնաժողովի որոշում»:

Առկա կարգավորումը թերի է, քանի որ չի հստակեցնում, թե ինչպես է որոշվում հանձնաժողովի ներկայացուցիչը։ Առաջարկվում է «հանձնաժողովի ներկայացուցիչ» անորոշ ձևակերպումի փոխարեն նման լիազորությունը փոխանցել հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի մյուս անդամների հետ համաձայնեցված դիրքորոշում ունենալու պայմանով։

 

4

Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ.

«Մշտական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին ներկայացնում է մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետի և մյուս փորձագետների աշխատանքների մասին հաշվետվություններ»:

Մշտական հանձնաժողովի անդամների մասնագիտական աշխատանքի որակը և արդյունավետությունը առանցքային նշանակություն ունի հանձնաժողովների աշխատանքի համար, ուստի կոլեգիալ այս մարմնի անդամները պետք է առնվազն տեղյակ լինեն այդ աշխատանքների մասին։

 

5

Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.

«Գլխադասային հանձնաժողովի կողմից գրավոր եզրակացութուն ներկայացնելու դեպքում հարակից զեկուցողը Ազգային ժողովի նիստում այն ընթերցում է առանց փոփոխությունների»:

Սույն կարգավորումը չի ենթադրում, որ բոլոր եզրակացությունները պետք է պատրաստվեն գրավոր կերպով, այլ ընդամենը պարատադրում է, որ նման գրավոր եզրակացության դեպքում հարակից զեկուցողը պետք է ամբողջությամբ ներկայացնի դրա բովանդակությունը։ Սա մի կողմից կարող է խրախուսել գրավոր եզրակացությունների տարածումը, մյուս կողմից գործուն մեխանիզմ է կարևորագույն հարցերի դեպքում հանձնաժողովի դիրքորոշումն առանց փոփոխությունների Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում ներկայացնելու համար։

 

6

Օրենքի 137-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.

«Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրվի Ազգային ժողովի բոլոր ընդդիմադիր խմբակցությունների կողմից, ապա այդ թեկնածուն իրավունքի ուժով անհապաղ կհամարվի ընտրված»։ 

Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը նախատեսված է ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուն(ներ)ի համար, առաջարկվում է լրացուցիչ երաշխիք ստեղծել ընդդիմության համար, որի դեպքում կբացառվի իշխող խմբակցության/նների ազդեցությունը ընտրության ելքի վրա, այն դեպքում, երբ համաձայնություն կա ընդդիմադիր խմբակցության/նների միջև։